Արցախ

Կյանքը շարունակվում է, մենք գնում ենք առաջ, ոչ մի բան չի փոխվել մեր որոշման մեջ. Արցախի պետնախարար

2 րոպեի ընթերցում

Կյանքը շարունակվում է, մենք գնում ենք առաջ, ոչ մի բան չի փոխվել մեր որոշման մեջ. Արցախի պետնախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը վստահ է, որ միասնականության շնորհիվ ստեղծված դժվարությունները հաղթահարվելու են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանը նման համոզմունք հայտնեց «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ հեռարձակմամբ՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհի փակմանը:

«168 ժամ է արդեն՝ շրջափակման մեջ ենք: Կյանքը շարունակվում է, մենք գնում ենք առաջ, ոչ մի բան չի փոխվել մեր որոշման մեջ. միակ ճանապարհն է գնալ առաջ այն ձևով, որ մեր արժանապատվությունը պահպանենք»,-ասաց Վարդանյանը:

Վարդանյանը հայտնեց, որ նախորդ օրը եղել է Մարտունիում, Մարտակերտում, պատրաստվում է այսօր այցելել նաև Ասկերան:

«Ես վստահ եմ, որ մենք հաղթահարելու ենք այս ամենը, գնալու ենք առաջ: Ես տեսնում եմ՝ հասարակության առողջ մասը ուզում է և պատրաստ է փոփոխությունների»,-նշեց նա:

Նա կարևորեց անտարբերության դեմ պայքարելը: «Ուրիշ ճանապարհ մենք չունենք, միակ ճանապարհը, որով կարող ենք հաղթահարել այս դժվարություններն այն է, որ իրար հավատանք, իրար հարգենք ու գնանք առաջ միասին»,-եզրափակեց Արցախի պետնախարարը:

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում