Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-46/22.  Նար-Դոս, Բարբերի, Դյումա, Շանկարաչարյա

5 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-46/22.  Նար-Դոս, Բարբերի, Դյումա, Շանկարաչարյա

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն. Նար-Դոս, «Մահը»

Նար-Դոսի (1867-1933) «Մահը» վեպը հայ դասական վիպագրության նվաճումներից է: Արտացոլելով XIX դարավերջի հայ մտավորականության գաղափարական ըմբռնումներն ու հասարակության կենցաղն ու բարքերը՝ վեպը ընդհանրացնում է մի ամբողջ դարաշրջանի պատկեր՝ հոգեբանական նուրբ ու դիպուկ սուզումներով, բազմաբնույթ կերպարներով և գաղափարական սուր, ու հաճախ՝ ողբերգական ընդգծումներով: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն. Մյուրիել Բարբերի, «Ոզնու նրբագեղությունը»

«Ոզնու նրբագեղությունը» վեպը ընթերցողի առջև բացում է Փարիզյան էլիտար շենքերից մեկի դռները, հնարավորություն տալիս ներսից ծանոթանալու դրա բնակիչներին, նրանց սովորություններին, տարօրինակություններին, թուլություններին։ Վեպի առանցքային հերոսներն են նույն շենքում բնակվող տասներկուամյա աղջնակն ու տան դռնապանուհին։ Գրականության, արվեստի, փիլիսոփայության և նրանց զրույցների և մտորումների միջոցով մենք խորամուխ ենք լինում կենսակարևոր բազում հարցերի մեջ։ Թարգմանությունը ֆրանսերենից` Լուսինե Մուսախանյանի։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Մանկապատանեկան գրականություն. Ալեքսանդր Դյումա, «Երեք հրացանակիրներ»

Ալեքսանդր Դյումա հոր՝ 1844 թ. լույս տեսած պատմաարկածային այս վեպը, որի գործողությունները տեղի են ունենում 17-րդ դարում, պատմում է երիտասարդ դ’Արտանյանի արկածների մասին: Վերջինը թողել է իր տունն ու եկել Փարիզ՝ հրացանակիր դառնալու նպատակով: Այստեղ նա հանդիպում է երեք անբաժան հրացանակիր ընկերների՝ Աթոսին, Պորտոսին ու Արամիսին:

«Մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար»: Չորս այնպիսի մարդիկ, ինչպիսին նրանք էին, չորս մարդիկ, որոնք պատրաստ էին միմյանց համար զոհաբերելու ամեն ինչ՝ սկսած քսակից մինչև կյանքը, որոնք միշտ աջակցում էին միմյանց ու երբեք չէին նահանջում, միասին կամ զատ-զատ կատարում էին միասնաբար ընդունած ամեն մի որոշում, չորս բռունցք, որոնք միասին կամ զատ-զատ սպառնում էին ամեն մի թշնամու, անխուսափելիորեն պետք է բացարձակորեն կամ գաղտնաբար, ուղիղ կամ զարտուղի ճանապարհով, խորամանկությամբ, թե ուժով ճանապարհ բաց անեին իրենց համար դեպի նշված նպատակը, որքան էլ հեռու լիներ այն կամ որքան էլ ամուր պաշտպանված լիներ։

Հրացանակիրների պատմությունը շարունակվում է Դյումայի երկու այլ վեպերում՝ «Քսան տարի անց» և «Վիկոնտ դը Բրաժելոն կամ տասը տարի անց»: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Փաստավավերագրական գրականություն. Շրի Շանկարաչարյա, «Վիվեկա Չուդամանի»

Վիվեկա Չուդամանին ներածական տրակտատ է՝ հինդուիզմի Ադվայտա-Վեդանտա ավանդույթի հիման վրա: Այն դարեր շարունակ համարվել է Ադվայտայի ուսուցման ձեռնարկ: Վիվեկա Չուդամանի բառացի նշանակում է «իմացության գանձարան»: Ադվայտա-Վեդանտայի փիլիսոփայությունն ինքնաուսուցման ձեռնարկ է՝ աշակերտի եւ հոգեւոր ուսուցչի երկխոսություններով: 1908 թվականին Շրի Ռամանա Մահարիշին այն սանսկրիտից թարգմանաբար մեկնեց տամիլերեն լեզվով որպես արձակ ստեղծագործություն։ Թարգմանիչ՝ Ռուբեն Ֆիլյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում