Արցախ

Մենք կառուցում ենք համակարգ, որի առաջ բոլորը հավասար են լինելու․ Ռուբեն Վարդանյան

3 րոպեի ընթերցում

Մենք կառուցում ենք համակարգ, որի առաջ բոլորը հավասար են լինելու․ Ռուբեն Վարդանյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ընդգծում է, որ չնայած Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակման մեջ պահելու դժվարություններին, ինքը շատ ոգևորված է, քանի տեսնում է, որ մարդկանց մոտ կա կամք՝ հանգիստ անցկացնել այս իրավիճակը, հանիստ աշխատել և ապրել։ «Ոչ մի ձևով չի զգացվում այս շրջափակման ազդեցությունը։ Դա մեծ ուժ է տալիս, շնորհակալություն եմ հայտնում բոլորիս»,- «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց Վարդանյանը։

Պետնախարարը մանրամասներ հայտնեց Մարտակերտում ունեցած հանդիպման վերաբերյալ։ Նա ընդգծեց, որ այդ հանդիպումները իր համար շատ կարևոր էին։ «Ես լիցքավորվել եմ էներգիայով, և իսկապես այդ հանդիպումները շատ կարևոր էին ինձ համար։ Վստահ եմ, որ դրանք կարևոր էին նաև ինձ ուղեկցող պատգամավորների համար, որովհետև մենք հնարավորություն ունեցանք շատ ծանր և կարևոր հարցերի մասին խոսել։ Եվ չկար խնդիր, մենք բոլորս ամեն ինչի պատրաստ ենք, և մենք միասնական ենք։ Դա ամենակարևորն է»,- ասաց Վարդանյանը։

Նա հավելեց, որ իրենք համակարգ են կառուցում, ինչը շատ կարևոր է։ Այդ համակարգը շատ կարևոր բաղադրիչներ է ունենալու։ «Առաջինը՝ դա լինելու է համկաարգ բոլորի համար, և բոլորը հավասար են լինելու այդ համակարգի առաջ։ Մենք գիտակցաբար անցյալին չեն վերադառնում, գիտակցաբար հետ չենք գնում։ Այսօրվանից համակարգն այսպես է աշխատում։ Շատ կարևոր է, որ բոլորը սա հասկանան, որ համակարգն աշխատում է և համակարգն աշխատում է բոլորի համար հավասարապես»,- նշեց Արցախի պետնախարարը։

Վարդանյանը հավելեց, որ թափանցիկությունը և կոմունիկացիան կարևոր բաղադրիչներ են, որպեսզի այդ համակարգն աշխատի։ Նրա խոսքով՝ շատ կարևոր է հետադարձ կապը և քաղաքացիներին հորդորեց զանգահարել 119 համարին, եթե զգում են, որ համակարգը չի աշխատում։ «Խնդրում եմ, զանգահարեք մեզ, գրեք տեղեկություններ։ Ես համարում եմ, որ դա միակ տարբերակն է համակարգն ավելի լավը դարձնելու համար»,- ասաց նա։

Վարդանյանն ընդգծեց, որ ոչ թե ինքն է գնահատական տալու այդ համակարգը խախտողների վարքին, այլ հասարակությունը։ Նրա խոսքով՝ սա ևս շատ կարևոր է, երբ գնահատականը ոչ թե առանձին անհատ է տալիս, այլ հասարակությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում