Հասարակական

Համայնքի զարգացմանն ու բարեկեցությանն ուղղված աշխատանքների համար Քաջարանի համայնքապետն արժանացավ «Որակի նշան 2022» մրցանակի

3 րոպեի ընթերցում

Համայնքի զարգացմանն ու բարեկեցությանն ուղղված աշխատանքների համար Քաջարանի համայնքապետն արժանացավ «Որակի նշան 2022» մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարիների գործունեություն, հանրության բարեկեցիկ կյանքին ու ապագային ուղղված բարեփոխումներ և աշխատանք. Որակի նշան ամենամյա մրցանակաբաշխությունը, ամփոփելով տարին, ներկայացնում է հանրային ծառայության և ապրանքանիշերի ոլորտներում լավագույններին, որոնք աչքի են ընկել համայնքներում ու տարբեր բնագավառներում իրենց բարեխիղճ աշխատանքով և գործունեությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ «Մարզային կառավարման լավագույն մոդելի մշակում, հանրային աշխատանքներում ակտիվ ներգրավվածություն, բարեխիղճ աշխատանք» անվանակարգում «Որակի նշան 2022» մրցանակը տրվեց Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին:

«Որակի նշան» կազմակերպությունը իրականացնում է մի շարք միջոցառումներ, մրցանակաբաշխություններ, որոնց արդյունքում իրենց որակի նշանն են ստանում, հանրային ծառայողները, բուժկենտրոններն ու բուժաշխատողները, Հայաստանի առաջատար մասնագետներն ու ընկերությունները: Լավագույնների ընտրությունն իրականացվում է հատուկ ընթացակարգով:

Քաջարանի համայնքապետի համար առաջնայինը մրցանակը չէ, այլ այն գործը, որը կնպաստի համայնքի զարգացմանը, բայց սա կարևոր է նրանով, որ գնահատվում է համայնքապետարանի աշխատանքը:

Անդրադառնալով կատարված աշխատանքներին՝ Մանվել Փարամազյանը նշեց, որ իր կառավարման տարիներին իրականացվել է ահռելի աշխատանք։ Մասնավորապես, միջհամայնքային գրեթե բոլոր ճանապարհները ասֆալտապատվել են, մյուսներն ամբողջությամբ ավարտին կհասցվեն առաջիկա հինգ տարիների ընթացքում։

Բոլոր գյուղական բնակավայրերում լուծվել է փողոցային լուսավորության հարցը: Իսկ Քաջարան քաղաքի ջրի ակունքը հիմնովին կփոխվի, այս ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Ինչպես նաև Քաջարանում կառուցվելու է սպորտային մեծ համալիր՝ բոլոր մարզաձևերի համար, մանկական խաղահրապարակներ, նոր այգիներ»,- ասաց համայնքապետը:

Համայնքային ծառայության ոլորտում տարվա լավագույն «Որակի նշան 2022» մրցանակին արժանացավ նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ում մրցանակը ստանալու էր եկել մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը:

Մրցանակաբաշխության նպատակն է տնտեսության, պետական և հանրային ծառայության ոլորտներում լավագույններին խրախուսել և ավելի ճանաչելի դարձնել։

Գայանե Գաբոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում