ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը վերականգնել է Արցախի գազամատակարարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:
«Ես լավ նորություն ունեմ: Առանց որևէ նախապայմանի, առանց որևէ զիջումների, հարևան պետությունը վերականգնել է գազի մատակարարումը մեզ համար: Սա իսկապես մեր հաղթանակն է, որովհետև մենք ուժեղ ենք, ցույց տվեցինք, որ չենք լքելու Արցախն ու խուճապի չենք մատնվելու»,- ասաց Վարդանյանը:
Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ Լաչինի միջանցքը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: