Քաղաքականություն

Ադրբեջանի շարունակական պնդումը, թե ԼՂ գոյություն չունի, եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանի շարունակական պնդումը, թե ԼՂ գոյություն չունի, եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը, ասելով, թե ԼՂ գոյություն չունի, ըստ էության հայտարարում է, թե փախստականները վերադառնալու տեղ չունեն, ինչը ոչ միայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, այլ նաև հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ անդրադառնալով ադրբեջանական վերջին սադրանքին՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակելուն:

«Ադրբեջանի շարունակական պնդումները, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, նույնպես եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց եռակողմ հայտարարության 6-րդ կետի խախտումների մասին՝ կապված Լաչինի միջանցքի գործունեության հետ:

Ադրբեջանը կոպտորեն և շարունակաբար խախտում է նաև հայտարարության 7-րդ կետը, որի համաձայն ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ-ի տարածք ու հարակից տարածքներ՝ ՄԱԿ-ի փախստականների գծով գլխավոր հանձնակատարի աշխատակազմի վերահսկողության ներքո:

«Մինչև այժմ ՄԱԿ-ի ներկայացուցիչներն Ադրբեջանի կողմից հարուցված խոչընդոտների պատճառով չեն կարողացել մուտք գործել ԼՂ: Մինչև այժմ ԼՂ-ի Հադրութի շրջանից բռնի տեղահանված քաղաքացիների հարցերը լուծված չեն»,-ընդգծեց Փաշինյանը:

Նա եռակողմ հայտարարության 7-րդ հոդվածից մեջբերում արեց՝ «փախստականները վերադառնում են ԼՂ տարածք»: «Այս ձևակերպումը նշանակում է, որ կա Լեռնային Ղարաբաղ և ԼՂ-ն ունի տարածք: Եվ, ասելով, թե ԼՂ գոյություն չունի, և չընդունելով նման տարածքային միավորի գոյությունը, Ադրբեջանն ըստ էության հայտարարում է, թե փախստականները վերադառնալու տեղ չունեն, ինչը ոչ միայն եռակողմ հայտարարության, այլ նաև հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում