Արցախ

Ադրբեջանցիներն իրավունք չունեն այդ ճանապարհին գտնվելու, իրավունք չունեն որոշում կայացնելու. Ռուբեն Վարդանյան

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանցիներն իրավունք չունեն այդ ճանապարհին գտնվելու, իրավունք չունեն որոշում կայացնելու. Ռուբեն Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը վստահ է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելու ադրբեջանական հերթական սադրանքը ևս հաղթահարելու են, ադրբեջանցիներն իրավունք չունեն այդ ճանապարհին գտնվելու, իրավունք չունեն որոշում կայացնելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վարդանյանն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-իր էջում ուղիղ հեռարձակմամբ:

«72 ժամ է, ինչ մենք գտնվում ենք շրջափակման մեջ: Հպարտ եմ, որ ես ձեզ հետ միասին ապրում եմ այստեղ, քանի որ մենք այս ճգնաժամն անցնում ենք շատ պարկեշտ: Ես մեծ հավատ ունեմ, որ մենք ամեն ինչ հաղթահարելու ենք: Այն ուժը, հավատը, որ ես տեսնում եմ ձեր մեջ, ինձ մեծ էներգիա են տալիս»,-ասաց Վարդանյանը:

Նա նկատեց, որ նման բան չի եղել, 90-ականների պատերազմի, 44-օրյա պատերազմի ժամանակ էլ ճանապարհը չի փակվել: Ադրբեջանը փորձում է տեսնել, թե որքան երկար կդիմանան հայերն այդ վիճակին:

Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից տարածվող կեղծ տեղեկություններին, հայտարարություններին, թե իբր կթողնեն, որ հայկական մեքենաներն անցնեն՝ Արցախի պետնախարարն ասաց. «Իրենք ո՞վ են, որ մեզ թողնեն կամ չթողնեն: Իրենք իրավունք չունեն այդ ճանապարհին գտնվելու, իրենք իրավունք չունեն որոշում կայացնելու»:

Նա հորդորեց չտրվել այդ բամբասանքներին: «Նրանք պետք է այդ ճանապարհից դուրս գան: Մինչև մենք չհասկանանք, որ միայն մենք պետք է իրավունք ունենանք այս ճանապարհն օգտագործել՝ թեկուզ ռուս խաղաղապահների ապահովմամբ, ոչինչ չի փոխվելու: Եթե նրանք այդ հնարավորությունը ստանան, չենք կարող կանգնեցնել»,-ասաց Վարդանյանը:

Ստեղծված իրավիճակում շատ հարցերում կան դժվարություններ, և օպերատիվ շտաբը ստեղծված է շատ արագ արձագանքելու համար: Վարդանյանը վստահեցրեց, որ արձագանքելու են բոլոր դիմողներին:

«Ես վստահ եմ, որ մենք ամեն ինչ հաղթահարելու ենք»,-ընդգծեց Վարդանյանը՝ հավելելով, որ համախմբված կերպով պայքարելու են և հաղթահարելու են դժվարությունները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում