Արցախ

Արցախի պետական նախարարի մոտ քննարկվել է երկրում վառելիքի ապահովման հետ կապված ընթացիկ վիճակը

2 րոպեի ընթերցում

Արցախի պետական նախարարի մոտ քննարկվել է  երկրում վառելիքի ապահովման հետ կապված ընթացիկ վիճակը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբդեկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման, ինչպես նաև դեպի Արցախ գազամատակարարումն արգելափակվելու հետևանքով ստեղծված իրավիճակը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են պետական նախարարի աշխատակազմից, Ռուբեն Վարդանյանին զեկուցվել է Հանրապետությունում վառելիքի ապահովման հետ կապված ընթացիկ վիճակը: Քննարկվել են գազի, դիզելային վառելիքի և բենզինի սղության պայմաններում ձեռնարկվելիք քայլերը: Կարևորվել է առկա ռեսուրսների առավելագույնս խնայողաբար օգտագործումը: Պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանձնարարել է հրատապ կարգով մշակել և հստակ սահմանել առաջնահերթ կարևորություն ունեցող ծառայություններին՝ շտապ օգնությանը, հանրային տրանսպորտին, հատուկ ծառայություններին վառելիքի տրամադրման մեխանիզմներն ու ընթացակարգերը:

Քննարկված մյուս հարցը վերաբերել է գազ սպառող հացի արտադրամասերի, ինչպես նաև բնակչության կենսական կարիքների ապահովմանն ուղղված այլ արտադրամասերի գործունեության անխափան աշխատանքի կազմակերպմանը: Պետնախարարը ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է լուծումներ առաջարկել վառելիքի այլընտրանքային միջոցներով դրանց ապահովման վերաբերյալ:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև ճանապարհի արգելափակման հետևանքով Հայաստանում գտնվող արցախցիների կեցության և սննդի ապահովման հետ կապված հարցերին, նրանց խնդիրների հետ կապված համապատասխան հանձնարարականներ են տրվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում