ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնել է, թե ինչ քայլեր են ձեռնարկում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու սադրիչ քայլին արձագանքելու ուղղությամբ:
Սաղաթելյանը տեղեկացրել է, որ երեկվանից ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ գրասենյակները լծված են Ադրբեջանի ցեղասպան գործողությունները միջազգային հանրությանը ներկայացնելու գործին:
«Իրավիճակի առնչությամբ այսօր Արցախի Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ և հանդես եկել համայն հայությանն ուղղված կոչով, որտեղ հորդորում է օգտագործել բոլոր հնարավորությունները տարբեր հարթակներում բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին, տեր կանգնել արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու պատրաստ լինել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների:
Ուստի, առաջիկայում հրատապ են հետևյալ գործողությունները.
- Բողոքի ակցիաներ՝ տարբեր երկրներում Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանատների առջև:
- Բողոքի ակցիաներ՝ Հայաստանում միջազգային ներկայացուցչությունների մոտ։ Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 16։00-ին հավաքվում ենք ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց։ Այնուհետև նամակներ կփոխանցենք Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանատներ։
- ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ Ադրբեջանի ցեղասպան գործողությունները դատապարտող հայտարարության ընդունում։
Այս երեք ուղղություններով մենք աշխատանքներ ենք իրականացնում, որոնց մասին հանդես կգանք լրացուցիչ տեղեկություններով»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սաղաթելյանը: