Արցախում անվտանգության խորհրդի և Ազգային ժողովի արտահերթ նիստեր կհրավիրվեն
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 12-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Օրակարգում Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական հերթական սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրա հանգուցալուծման համար ձեռնարկված և հետագա քայլերին վերաբերող հարցերն էին։
Նախագահ Հարությունյանը ընդգծել է ներքին և արտաքին բոլոր հնարավորությունների իրացման անհրաժեշտությունը՝ Արցախի Հանրապետության փաստացի շրջափակմանը դիմակայելու և դրա վերացմանը հասնելու նպատակով։
Բոլոր մասնակիցները միաձայն շեշտադրել են Արցախի իշխանությունների վճռականությունը պաշտպանելու Արցախի ժողովրդի կենսական շահերն ու իրավունքները: Որոշում է կայացվել առավոտյան հրավիրել Անվտանգության խորհրդի և Ազգային ժողովի նիստեր:
Արցախի Ազգային ժողովի տարածած հաղորդագրության համաձայն՝ խորհրդարանն արտահերթ նիստում հայտարարություն կընդունի։