Արցախ

Մեր ընտրած ուղուց այլևս շրջադարձ չկա. Արցախի ԱԺ նախագահի շնորհավորանքը Սահմանադրության օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

Մեր ընտրած ուղուց այլևս շրջադարձ չկա. Արցախի ԱԺ նախագահի շնորհավորանքը Սահմանադրության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա, ԼՂՀ անկախության հանրաքվեի և ԼՂՀ Սահմանադրության օրվա առթիվ ուղերձ է հղել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արցախի ԱԺ նախագահը ուղերձում նշել է.

«Սիրելի´ հայրենակիցներ, ամբողջ աշխարհում դեկտեմբերի 10-ը նշանավորվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:

Արցախում 3 տասնամյակից ավելի է՝ դեկտեմբերի 10-ը նշվում է նաև որպես պետական անկախության հանրաքվեի և ԼՂՀ Սահմանադրության oր:

1991թվականի այս օրը Արցախի բնակչությունը ԼՂՀ անկախության հանրաքվեով արտահայտել է անկախ պետություն ունենալու իր կամքն ու նվիրվածությունը, իսկ 2006 թվականի նույն օրը ժողովրդավարական և օրինական երկիր ստեղծելու պատրաստակամությամբ ընդունել է ԼՂՀ Սահմանադրությունը:

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը պատահական չէր ընտրված. Արցախյան շարժումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծնունդն ու գոյությունը մարդու իրավունքների, հիմնարար սկզբունքների, ժողովուրդների հավասարության և նրանց ինքնորոշման իրավունքի անքակտելի մասն են:

Արցախահայությունը, հավատարիմ երկու հանրաքվեներով արտահայտած իր ցանկությանն ու անփոփոխ դիրքորոշմանը, այսօր էլ նույն վճռականությամբ ու նվիրվածությամբ պատրաստ է տեր կանգնելու և ամրապնդելու անկախ պետականության ձեռք բերած արժեքները, ապրելու, շենացնելու և զարգացնելու բազմաթիվ կորուստների ու զրկանքների գնով պահպանած պապենական հողը, պայքարելու իր իրավունքի ինքնորոշման արդարացի լուծման համար:

Արցախի լիակատար ազատության, մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման պայքարը ավարտված չէ․ այն դեռ շարունակվում է։

Մեր ընտրած ուղուց այլևս շրջադարձ չկա, այն արդար է և սրբագործված մեր հերոս նահատակների արյամբ:

Խաղաղություն մեր հայրենիքին, ամուր կամք,համբերություն և բարեկեցություն հերոսական մեր ժողովրդին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում