9 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ նոյեմբերի վաճառքի տվյալների:
Առաջին տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Գաղութ»-ը, որը գրողի յոթերորդ գիրքն է։ Նախորդները վեպեր են, «Գաղութ»-ը` հոդվածների, էսսեների, պատմվածքների ժողովածու։ Այն անկախ Հայաստանի 90-ական թթ. հիշարժան դեպքերի, իրադարձությունների տարեգրությունն է՝ ականատես գրողի վավերագրական, հավաստի տվյալներով։ Յոթ մասից բաղկացած գրքի «Գաղութ» գլխում ՀՀ բանտերի, գաղութների իրավիճակն ու գողական աշխարհի նիստուկացն է, որի վկան է եղել հեղինակը` 1991-1992 և 2005 թթ. լինելով բանտերում։
Երկրորդ տեղում է Սյունե Սևադայի «Աղի թեյ»-ը։ 2019-ի գարնանը երաժշտական աշխարհը ցնցվում է անսպասելի լուրից. համաշխարհային ճանաչում ունեցող երիտասարդ հայ դաշնակահար ու կոմպոզիտոր Իդան ողբերգական ավտովթարի պատճառով հեռացել է կյանքից: Մահից ամիսներ անց հայաստանյան ամենամեծ հրատարակչության հիմնադիրը կապվում է Իդայի օգնականի ու ամենամտերիմ մարդու՝ Նենէի հետ՝ առաջարկելով Իդայի մասին կենսագրական գիրք գրել: Նենէն համաձայնում է, բայց գրվող ամեն էջի հետ բացահայտվում են մանրամասներ, որոնք ստիպում են բացել անցյալի մռայլ էջերը, նորովի ճանաչել մարդկանց ու առերեսվել սարսափելի իրականությանը...
Անի Յանի «Մինչ հանդիպում» գիրքը երրորդ տեղում է։ Այն ամփոփում է հեղինակի տարբեր շրջանների բանաստեղծությունները։
Չորրորդ տեղում է Հովսեփ Վարդանյանի «Ագապի»-ն։ «Ագապի» վեպը մի անմեղ սիրո պատմություն է, որի գլխավոր հերոսուհին՝ Ագապին, հարում է հայ լուսավորչական դավանանքին, իսկ նրա սիրած երիտասարդը՝ կաթոլիկ: Դավանանքների այդ անտագոնիզմում երիտասարդ աղջկա՝ Ագապիի և նրա սիրեցյալի՝ Հակոբի սիրո պատմությունը վերածվում է ողբերգության... «Ագապի» վեպը լույս է տեսել 1851 թվականին Կոստանդնուպոլսում՝ հայերեն տառերով, թուրքերեն լեզվով, և ուղիղ հարյուր տարի մնացել էր անհայտության մեջ:
Համլետ Առաքելյանի «Անմահների ակադեմիան» հինգերորդ հորիզոնականում է։ Արեգն ու Արան Երևանյան համալսարանում իրենց առաջին տարվա ընթացքում ծանոթանում են տիկին Տարտարոսյանի՝ Անմահության հիմունքների դասախոսի հետ, և սկսում են գնալ գաղտնի անմահական հավաքների, որոնց նպատակը Վիեննայի Անմահության ակադեմիա ընդունվելն է: Դրա համար նրանք պիտի անցնեն անմահության մի քանի հարթակներով, մտածեցում սովորեն ու չշեղվեն անմահական ճանապարհից: Հստակ թվացող ուղին, սակայն, կասկածի տակ է դրվում, երբ Արեգը բացահայտում է Հայկի մատյանը, որ նախահոր թողած ուղեցույցն է՝ դեպի Նրա աշխարհ: Համլետ Առաքելյանի այս հրաշավեպը վերերկրային իրարամերժ ուժերի հարատև պայքարի արտահայտումն է՝ երկու երիտասարդի երկրային հրաշապատում ճանապարհի մեջ:
Վեցերորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ»վեպը: «Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին, բայց, սովորաբար, նրանց մոռանում են: Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի հերոսը այդ բացառիկ անհատներից մեկն է՝ մեր կողքին ապրող հետախույզ Ջոն Հանիսյանը, որի անհավանական թվացող գործողություներն ու դրամատիկ կյանքի պատմությունն է վեպի հիմքում՝ մեր օրերի հերոսամարտում:
Յոթերորդ տեղում է «Բարի գործերի քաղաքը»։ Գիրք, որն ընթերցողին կգրավի ոչ միայն իր սյուժեով, այլև ժանրային յուրահատկությամբ։ Այն գրել են Մարկ Արենը և հինգ երիտասարդներ: Նրանում զետեղված փոքրիկ պատմությունները բարության զորեղ ուժի մասին են, այն մասին, թե ինչպես է մի աղջկա ֆեյսբուքյան գրառումը շատ արագ տարածում գտնում, մարդկանց հորդորում բարի գործեր անել, և Երևանը դարձնում բարի գործերի քաղաք:
Խաչիկ Դաշտենցի «Խոդեդան» վեպը ութերորդ տեղում է։ «Խոդեդան» վեպը, որ ընդգրկում է շուրջ վաթսունամյա մի ժամանակաշրջան՝ 1890-1950-ական թվականները, պատմությունն է բռնաշենցի հովիվ Ասատուրի (քրդերեն՝ Խոդեդան) և նրա բախտակից համերկրացիների։ Արևմտահայ այս շինականներին վիճակված էր անցնելու արյունով և արհավիրքներով լի մի ճանապարհ, որն ավարտվում է Արևելյան Հայաստանում։ Նրանք վերջնական հանգրվան են գտնում Արագածի լանջերին՝ դարավոր թշնամուն թողնելով իրենց պապերի երկիրը, «ուր հազարամյա պատմություն ունի ամեն մի քար, ծառ, ծաղիկ»՝ վիրավոր սրտերում անթեղելով այդ երկրի կորստյան կսկիծը. «Ա՜խ, երկիր. շաքար էր՝ շան բերան մնաց»:
Իններորդ տեղում էԳոհարՆավասարդյանի«Ինձ պիոններ չնվիրես»վիպակը: Գիրքն անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա։ Վիպակը մի երիտասարդ զույգի մասին է, որը մի քանի անգամ հանդիպում է շատ պատահական։ Երիտասարդը սիրահարվում է առաջին իսկ հայացքից՝ մոռանալով, որ միշտ թերահավատորեն է վերաբերվել առանց ճանաչելու դիմացինին սիրահարվելու փաստին։ Ինչպես բոլոր զույգերի մոտ, նրանց սերը ևս վախերի, կասկածների, մտորումների, խանդի ու կարոտի մեծ հանրագումար է, որը միշտ շաղախված է անեզր սիրով ու նվիրվածությամբ։ Գրքում այլաբանությունները շատ են, առաջին հայացքից սովորական թվացող հարաբերություններում շատ ավելի խորը հարցեր են արծարծվում։ Գրքի վերնագրում անգամ փոխաբերական իմաստ կա. հերոսուհին խնդրում է իր սիրած ծաղիկն իրեն չնվիրել, որպեսզի դրանք հողում մնան, ապրեն ու սիրվեն։ Սրա տակ էլ գրքի ողջ իմաստն է. ծաղիկը հողում է գեղեցիկ, թռչունը՝ ազատության մեջ, սերն էլ վանդակում չի շնչում, ուշ թե շուտ կխեղդվի...
Տասներորդ տեղում է Մարկ Արենի և Վարս Չարենցի հեղինակած «Դարձյալ սիրո մասին» վեպը։ Վեպը հանճարեղ բանաստեղծ, բժիշկ Ռուբեն Սևակի և Յաննի Ապպելի անմահ սիրո պատմությունն է։ Ազգակործան դաժան Եղեռնի ծանր օրերին Սևակին փրկություն առաջարկող թուրք պաշտոնյային սառնասրտորեն մերժած Ռուբեն Սևակը գերադասում է դաժան մահը, քան հավատուրացության միջոցով իր կյանքը փրկելը...Որպես սիրո առանձին հուշարձան ներկայացվող «Դարձյալ սիրո մասին» գրքի յուրաքանչյուր էջ լի է հավերժական սիրով ու սիրո իմաստնությամբ...
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | նոր |
Աշոտ Աղաբաբյան, «Գաղութ» |
հեղ․հրատ | 255 | |
| 2 | 0 |
Սյունե Սևադա, «Աղի թեյ» |
Newmag | 116 | |
| 3 | նոր |
Անի Յան, «Մինչ հանդիպում» |
հեղ․հրատ | 96 | |
| 4 | -1 |
Հովսեփ Վարդանյան, «Ագապի» |
Բուկինիստ | 78 | |
| 5 | -4 |
Համլետ Առաքելյան, «Անմահների ակադեմիան» |
Անտարես | 65 | |
| 6 | * |
Աշոտ Աղաբաբյան, «Թակարդ» |
Բուկինիստ | 55 | |
| 7 | * |
«Բարի գործերի քաղաքը» |
Բուկինիստ | 54 | |
| 8 | -1 |
Խաչիկ Դաշտենց, «Խոդեդան» |
Բուկինիստ | 37 | |
| 9 | * |
Գոհար Նավասարդյան, «Ինձ պիոններ չնվիրես» |
հեղ․հրատ | 36 | |
| 10 | -4 |
Մարկ Արեն, Վարս Չարենց, «Դարձյալ սիրո մասին» |
Բուկինիստ | 36 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը: