Պաշտոնական

ՀՀ վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել տիկին դեսպանի գործունեությունը մեր երկրում և նշել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերություններում արձանագրվել է դինամիկ զարգացում:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վերջին տարիների ընթացքում, այդ թվում՝ ԱՄՆ օժանդակությամբ, մեր երկրում իրականացվում են ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք նպաստում են ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը: Վարչապետը հավելել է, որ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում ևս իրականացվող ծրագրերը նպաստում են երկկողմ փոխշահավետ կապերի ընդլայնմանը:

Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ Կառավարությանը՝ սերտ համագործակցության համար և նշել, որ իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն էապես նպաստել են մեր երկրում ժողովրդավարության առաջմղմանը: Այս համատեքստում դեսպանն ընդգծել է հատկապես կոռուպցիայի դեմ պայքարում և պետական կառավարման ոլորտում արդյունավետ բարեփոխումների իրականացման փաստը:

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող, ինչպես նաև՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:

Վարչապետ Փաշինյանը Լին Թրեյսիին մաղթել է նորանոր հաջողություններ՝ հետագա գործունեության ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում