Քաղաքականություն

Տարածաշրջանում անվտանգության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումն է. Արարատ Միրզոյան

2 րոպեի ընթերցում

Տարածաշրջանում անվտանգության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումն է. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Լեհաստանում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարար Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում առկա անվտանգային փխրուն իրավիճակը՝ մատնանշելով, որ Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող ագրեսիաները և ռազմատենչ հռետորաբանությունը կոպտորեն խախտում են միջազգային հումանիտար իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար դրույթները։

Արարատ Միրզոյանն ընդգծել է խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ հայկական կողմի պատրաստակամությունը՝ նշելով, որ տարածաշրջանում անվտանգության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումն ու ուժի կիրառման կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով խնդիրները լուծելու ձգտումներն են:

ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները։

Անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության գործունեությանը:

Հանդիպման օրակարգում են եղել նաև ԵԱՀԿ շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության ծրագրերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում