«Երևանյան բեսթսելեր». «Առաջնորդության 21 անվիճարկելի օրենքները» ՝ առաջատար. փաստավավերագրական, հոկտեմբեր, 2022
10 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակն՝ ըստ սեպտեմբերի վաճառքների։
Առաջին տեղում է Ջոն Ք. Մաքսվելի «Առաջնորդության 21 անվիճարկելի օրենքները» գիրքը։ Միջազգայնորեն ճանաչում ունեցող առաջնորդության փորձագետ, հրապարակախոս և հեղինակ Ջոն Ք. Մաքսվելն, ով ամեն տարի ելույթներ է ունենում «Ֆորչըն 500»-ի վարկանիշով խոշորագույն ընկերությունների, միջազգային, պետական առաջնորդների և բիզնեսի ամենահաջողակ ներկայացուցիչների համար, գրքում մեկտեղում է ավելի քան քառասուն տարվա առաջնորդության փորձն ու հմտությունները: Մաքսվելը բացահայտում է առաջնորդության 21 համընդհանուր ճշմարտությունները՝ որպես օրենքներ, որոնք կարող են յուրաքանչյուրի ուղեկիցը դառնալ լավ առաջնորդ լինելու ճանապարհին: «Բիզնես ինսայդեր» ամսագիրը Մաքսվելին համարում է առաջնորդության ամենաազդեցիկ փորձագետն աշխարհում. դրա մասին վկայում է այն, որ նրա հիմնած կազմակերպություններն աշխարհով մեկ վերապատրաստել են ավելի քան 2 միլիոն առաջնորդի:
Երկրորդ տեղում է Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը։ «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ն անձնական ֆինանսների կառավարում ուսուցանող թիվ մեկ գիրքն է ամբողջ աշխարհում։ Այն պատմում է Ռոբերտ Կիյոսակիի և նրա երկու հայրիկների՝ հարազատ հոր և լավագույն ընկերոջ հոր՝ հարուստ հայրիկի պատմությունը, այն մասին, թե ինչպես են այդ երկու տարբեր մարդիկ ձևավորում ներդրումների և փողի մասին իր գաղափարներն ու ընկալումները։ Գիրքը հօդս է ցնդեցնում այն առասպելը, թե հարուստ լինելու համար պետք է ունենալ բարձր եկամուտ, և բացատրում է փողի համար աշխատելու և փողը քեզ համար աշխատեցնելու տարբերությունը։
Օգ Մանդինոյի «Աշխարհի մեծագույն առեղծվածը» երրորդ տեղում է։ Օգ Մանդինոն այս գրքում մարդկանց տարանջատում է երեք խմբի՝ կամքի ուժ դրսևորող մարդիկ, ցանկություն ունեցող մարդիկ և ճակատագրի նախախնամությանը տրվող մարդիկ։ Կախված այն բանից, թե որ խմբին ենք մենք պատկանում՝ ստանում ենք այն, ինչին արժանի ենք։ Մենք ենք ինքներս մեզ կերտողը, մեր ճակատագիրը տնօրինողը, ուրեմն, որոշենք, թե որ խմբում ենք ցանկանում լինել:
Օգ Մանդինոյի «Աշխարհի մեծագույն գաղտնիքը» չորրորդ տեղում է։ Օրեցօր առաջնորդվելով հաջողության այս պարզ ծրագրով՝ դուք աստիճանաբար կհասկանաք մեկ կարևոր ճշմարտություն՝ դուք «բնության մեծագույն հրաշքն եք», դուք հազվագյուտ և յուրահատուկ արարած եք: Դուք մի քանի միլիոն տարվա էվոլյուցիայի վերջնարդյունքն եք: Դուք և՛ ուղեղով, և՛ մարմնով առավել եք Սողոմոնից, Կեսարից կամ Պլատոնից և ի զորու եք ձեր կյանքը դարձնել գեղեցիկ ու իմաստալից: Դուք ձեզանից առաջ ապրած ցանկացած մեկից ավելի մեծ ներուժ ունեք: Բայց դուք երբեք «որևէ բանի չեք հասնի», եթե ձեռքներդ ծալած նստեք և աշխարհին պատմեք, թե վաղվանից ինչպիսի մեծություն եք դառնալու…
Հինգերորդ տեղում է Ջոն Ստրելեքիի «Սրճարան աշխարհի եզրին» համաշխարհային բեսթսելերը: Գրքում հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ մենյուի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։ Գիրքը կօգնի յուրաքանչյուրին գտնել իր գոյության նպատակը, փոխել սեփական կյանքը և յուրաքանչյուրին կտա մոտիվացիայի ահռելի չափաբաժին՝ Նորտարին որպես նոր մարդ դիմավորելու համար:
Վեցերորդ հորիզոնականում է Գարեգին Նժդեհի «Չխրատվող ժողովուրդը»: Խորհրդածությունների և հոդվածների այս գրքում Նժդեհը դիմում է հայ երիտասարդությանը՝ մղելով ինքնաճանաչողության: Նա անդրադառնում է մեր բնավորությանը, պատմական առաքելությանը, տարածաշրջանում մեր հնարավորություններին: Խոսելով ապագայի պատերազմներից՝ Նժդեհը խրախուսում է Հայաստանում ռազմարդյունաբերության հիմնումը: Նա գերակա է համարում մեր ժողովրդի հավաքական պայքարը, որովհետև այդպես «ավելի ուժեղ ենք, քան ժամանակավոր դժբախտությունը»:
Ջոն Գրեյի «Տղամարդիկ Մարսից են, կանայք՝ Վեներայից» գիրքը յոթերորդ տեղում է։ Գրքում հոգեբան Ջոն Գրեյն առաջնորդվում է այն գաղափարով, որ կանանց ու տղամարդկանց՝ տարբեր երևույթների ընկալումներն այնքան տարբեր են, որ նրանք կարծես տարբեր մոլորակներից լինեն: Խորանալով այդ տարբեր ընկալումների վերլուծության մեջ՝ հեղինակն անփոխարինելի գաղափարներ ու խորհուրդներ է մատուցում ընթերցողին, որոնք արդեն իսկ օգնել են միլիոնավոր մարդկանց բարելավել ու զարգացնել իրենց հարաբերությունները հակառակ սեռի ներկայացուցիչների հետ:
Արփի Վանյանի «Ինչպես դաստիարակել հաջողակ ու երջանիկ երեխա» գիրքը ութերորդ տեղում է։ Մենք բոլորս զոհեր ենք. մենք՝ մեր ծնողների,մեր ծնողներն՝ իրենց ծնողների, մեր երեխաներն էլ, ցավոք, մեր… Այո՛, հենց մենք ենք այն մարդիկ, ովքեր կարող են իրենց երեխայի մեջքին թևեր նկարել կամ աճած թևերը կտրել… Մենք մի ամբողջ կյանք ապրում ենք սխալ համոզմունքներով, որոնք «ներարկել են» մեզ մեր ծնողները, հարազատները, շրջապատի մարդիկ, հասարակությունը։ Համոզմունքներ, որոնք ամեն օր ավելի ու ավելի են թունավորում մեր կյանքը՝ չթողնելով, որ ապրենք լիարժեք ու երջանիկ։ Իսկ ոչ երջանիկ մարդը չի կարող երջանիկ երեխա դաստիարակել։ Ոչ լիարժեք, ցածր ինքնագնահատականով, իրեն չսիրող մարդը նույնպիսի երեխա է մեծացնում։ Այս գրքում այնպիսի գաղտնիքներ են, օրենքներ, կանոններ, հուշումներ, խորհուրդներ ու գիտական փորձերի ապացույցներ, որոնք կօգնեն ծնողներին ա) դառնալ հաջողակ ու երջանիկ, բ) հաջողակ ու երջանիկ մարդ մեծացնել իրենց երեխային։ Սա ամենակարևոր գիրքն է ծնողների համար։
Ջոն Քեհոյի «Մտքի ուժը: Առաջ դեպի 21-րդ դար» իններորդ տեղում է։ Հեղինակը, երեք տարի մեկուսանալով, կենտրոնացած մտածել է մարդու ուղեղի գործունեության մասին: Ուղեղի անսահման հնարավորությունների ակտիվացման Ջոն Քեհոյի մշակած և համակցած մեթոդները կարող են բարելավել մարդու կյանքը, այն լցնել երջանկությամբ ու հաջողությամբ:
Տասներորդ տեղում է Իլոն Մասկի «Երբ բոլորը քո դեմ են. Իլոն Մասկն ինքն իր մասին» գիրքը։ «Երբ բոլորը քո դեմ են. Իլոն Մասկն ինքն իր մասին» գրքում ամփոփված են մեջբերումներ աշխարհի ամենաառանցքային մարդկանցից մեկի՝ Իլոն Մասկի հարցազրույցներից ու ելույթներից: Գրքում թեմատիկ բաժիններով առանձնացված են Իլոն Մասկի գործունեության տարբեր ոլորտները՝ SpaceX և Մարսի գաղութացում, Tesla Motors և էլեկտրամոբիլների տարածում, SolarCity և կանաչ էներգետիկա: Բացի դա, մեջբերված են Մասկի ուշագրավ հայտարարություններն ու գաղափարները կադրային քաղաքականության, աշխատանքի և առհասարակ՝ կյանքի մասին:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | * |
Ջոն Ք. Մաքսվել «Առաջնորդության 21 անվիճարկելի օրենքները» |
Էդիթ Պրինտ | 120 | |
| 2 | 0 |
Ռոբերտ Կիյոսակի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» |
Անտարես | 85 | |
| 3 | Նոր |
Օգ Մանդինո «Աշխարհի մեծագույն առեղծվածը» |
Բուկինիստ | 80 | |
| 4 | -3 |
Օգ Մանդինո «Աշխարհի մեծագույն գաղտնիքը» |
Բուկինիստ | 66 | |
| 5 | -2 |
Ջոն Ստրելեքի «Սրճարան աշխարհի եզրին» |
Դավինչի | 64 | |
| 6 | * |
Գարեգին Նժդեհ «Չխրատվող ժողովուրդը» |
Վերնատուն | 59 | |
| 7 | 0 |
Ջոն Գրեյ «Տղամարդիկ Մարսից են, կանայք՝ Վեներայից» |
Դավինչի | 59 | |
| 8 | -4 |
Արփի Վանյան «Ինչպես դաստիարակել հաջողակ ու երջանիկերեխա» |
Էգեա | 40 | |
| 9 | * |
Ջոն Քեհո «Մտքի ուժը: Առաջ դեպի 21-րդ դար» |
Դավինչի | 37 | |
| 10 | -4 |
Իլոն Մասկ «Երբ բոլորը քո դեմ են․ Իլոն Մասկն ինքն իր մասին» |
Դավինչի | 35 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Ցանկում ներառված չեն հանրագիտարանները
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը: