«Նոր գիրք»-43/22. Սարաֆյան, Հոմերոս, Դալ, Հայրապետյան
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ գրականություն
Նիկողոս Սարաֆյան, «Չափածոյ երկեր», «Վէնսէնի անտառը»

Ժողովածուն ամփոփում է ֆրանսահայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր Նիկողոս Սարաֆյանի /1902-1972/ «Չափածոյ երկերը» եւ «Վէնսէնի անտառը» խոհագրությունը: Ժողովածուում ընդգրկված է հեղինակի բանաստեղծական ողջ ժառանգությունը՝ «Անջրպետի մը գրաւումը» առաջին ժողովածուից մինչև վերջինը՝ «Միջերկրական» ժողովածուն, ինչպես նաև «Վէնսէնի անտառը» խոհագրությունը՝ բանաստեղծական արձակի իր տեսակով և խորհրդավորությամբ եզակի մի ստեղծագործություն: Նիկողոս Սարաֆյանի գրական ողջ ժառանգությունը միտված է ճանաչելի դարձնելու Հայության լինելիությունը: Խմբագիր՝ Արթուր Անդրանիկեան։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:
Թարգմանական գրականություն
Հոմերոս, «Իլիական»

Գիրքն ընդգրկում է անտիկ աշխարհի մեծագույն բանաստեղծ, եվրոպական գրականության սկզբնավորող Հոմերոսի (մ. թ. ա. VIII դար) առաջին էպիկական պոեմի՝ «Իլիական»-ի հին հունարեն բնագրից արևելահայերեն նոր ամբողջական թարգմանություն՝ ընդարձակ առաջաբանով և ծանոթագրություններով: Քիչ երկեր կան, որոնք իրենց նշանակությամբ ու եվրոպական մշակույթի վրա հսկայական ազդեցությամբ կարող են համեմատելի լինել գրական այս անմահ կոթողի հետ։ «Իլիական»-ը հիացմունքի և նմանակման առարկա է եղել թե՛ անտիկ աշխարհում, թե՛ միջնադարում ու Վերածննդի շրջանում և թե՛ նոր ժամանակներում: Իբրև էպոսի անգերազանցելի նմուշ, այն շարունակում է մեզ գերել ու հիացնել նաև այսօր: Կազմի առաջին էջին՝ «Հեփեստոսն Աքիլլեսի համար իր կերտած զենք-զրահը տալիս է Թետիսին» («Իլիական», XVIII.614–615), մ.թ.ա. 490–480 թթ. ատտիկյան կարմրաֆիգուր կիլիքս, Հնությունների թանգարան (Altes Museum), Բեռլին: Չորրորդ էջին՝ «Հեկտոր, Հեկաբե և Անդրոմաքե» («Իլիական», VI.251–285, 390–496), մանրանկար՝ V–VI դդ. Ամբրոզյան «Իլիական» (Ilias Ambrosiana) բացառիկ ձեռագրից (էջ 21v), որը պահվում է Միլանի Ամբրոզյան գրադարանում (Bibliotheca Ambrosiana, Cod. F 205 Inf.): Կռնակին՝ Հոմերոս, մ.թ.ա. մոտ 200 թվականի հելլենիստական քանդակի հռոմեական պատճեն, Կապիտոլյան թանգարաններ (Musei Capitolini), Հռոմ: Հին հունարենից թարգմանությունը, առաջաբանն ու ծանոթագրությունները ` Արամ Թոփչյանի և Գոհար Մուրադյանի։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:
Մանկապատանեկան գրականություն
Ռոալդ Դալ, «Չարլին և ապակե մեծ վերելակը»

Ապակե մեծ վերելակի ներսում Ուիլի Ուոնկան ու Չարլի Բաքեթն իր ամբողջ ընտանիքով, շոկոլադի գործարանից հազար ոտնաչափ բարձր, իրենց քեֆին լող են տալիս: Աշխարհն ասես ոտքերի տակ փռված լինի:
Այնինչ, տիեզերքում մենակ չեն. ամերիկյան առաջին Տիեզերահյուրանոցն արդեն տիեզերք է ժամանել: Իսկ դրա մեջ վխտում են որդնթագցի ճլեպները՝ տիեզերքի ամենաբիրտ, ամենավայրագ, ամենադժնդակ ճիվաղները:
Հարա՜յ- հուրու՜յ, բռնվեք՝ ով ինչից կարող է: Միայն Ուիլի Ուոնկան ու Չարլի Բաքեթն են ի զորու արյունարբու ճլեպների ավերածությունը կանգնեցնել: Թարգմանիչ՝ Արմինե Խաչատրյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Փաստավավերագրական գրականություն
Տիգրան Հայրապետյան, «Երրորդ աշխարհամարտի մատույցներում»

Տիգրան Հայրապետյանի երկերի 2-րդ հատորի գաղափարական առանցքում աշխարհի շրջապտույտն է՝ հնարավոր նոր, մեծ պատերազմի ուրվականով, որի թելադրանքով հայկական պետության համար կարևորագույն փորձություն են հարաբերությունները Ռուսաստանի, Արևմուտքի և Միջին Արևելքի հետ։
«Ռուսական խռովք կամ վերադարձող կայսրության ուրվականը» խորագրով 1-ին մասում քաղաքագետը վերլուծում է Ռուսաստանի անցյալն ու ներկան, կանխատեսում ապագա իրողությունները՝ նոր միջպետական միությունը, Հայաստանի դերը, ակնկալիքներն ու գլոբալ ռիսկերը։
2-րդ՝ «Աշխարհքաղաքական ծուղակ» բաժնում հեղինակը խորհում է ԽՍՀՄ փլուզումից ի վեր ամերիկյան քաղաքական կուրսի ուղղվածության, Եվրոպական միասնության ավարտի, ազգամիջյան հակամարտությունների տրամաբանության և նոր աշխարհակարգի նշմարվող սահմանների շուրջ, դիտարկում պատերազմի և խաղաղության սահմանագիծը։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը