«Երևանյան բեսթսելեր». «20 հեքիաթ արքայադուստրերի մասին»-ը՝ կրկին առաջատար. մանկական. հոկտեմբեր, 2022
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ սեպտեմբերի վաճառքի տվյալների:
Առաջին տեղում է «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» գիրքը։ Այն ներառում է պատմություններ ամենասիրված հեքիաթային արքայադուստրերի մասին: Վառ նկարազարդումներով, գեղեցիկ ձևավորումներով այս գիրքն ասես բերված լինի հեքիաթային աշխարհից, որտեղ բնակվում են սիրված մուլտֆիլմերի ու հեքիաթների բոլոր-բոլոր հերոսները:
Երկրորդ հորիզոնականում է «Շաղգամը» հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործության ներքո որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:
Երրորդ հորիզոնականում է «Ով է ապրում տնակում» հեքիաթը: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը հարվածում ծառին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Այս գրքից փոքրիկ ընթերցողները կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:
Չորրորդ տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:
Հինգերորդ տեղում է «Շունն ու կատուն» գիրքը։ Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:
Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի`ՀովհաննեսԹումանյանի «Հեքիաթներ»ժողովածուն վեցերորդն է: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
Յոթերորդ տեղում է «Գայլն ու յոթ ուլիկները» գիրքը: Գրիմ եղբայրների այս հեքիաթը, հրատարակվել է 1812-1815 թվականների հեքիաթների շարքում: Սյուժեն շատ հայտնի է ու պարզ, այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի:
Ութերորդ հորիզոնականն է զբաղեցնում «Լինում է, չի լինում» ժողովածուն: «Լինում է, չի լինում» խորհրդավոր բառերով սկսվող Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների, Շառլ Պերրոյի, Գաբրիել դը Վիլնյովի այս հեքիաթները փոքրիկների ամենասիրելիներն են, որոնք իրենց նոր նկարազարդումներով էլ ավելի հետաքրքիր կդարձնեն ընթերցումը:
Իններորդ հորիզոնականումՇառլ Պերոյի «Կարմիր գլխարկը»հեքիաթն է: Այն կարծես օրորոցային լինի փոքրիկների համար, հետևաբար քաջ հայտնի է բոլորին: «Կարմիր գլխարկը» ամենահայտնի հեքիաթներից է և սիրվել է բոլորի կողմից:
Ռոալդ Դալի «Մեծ Բարի Հսկան» տասներորդ տեղում է։ Անգլիացի նշանավոր մանկագիր Ռոալդ Դալի հերոսները՝ Սոֆին ու ՄԲՀ անունով հսկան, հանդուգն ծրագիր ունեն. որոշել են, որ աշխարհը պետք է ազատեն արնախում ու դաժան մարդակեր հսկաներից: Թե ինչպես են մտադիր իրականացնել համարյա անհնարին այս գործը, ու թե վերջն ինչ է պատահում՝ կիմանաք, երբ կարդաք այս գիրքը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | 0 | «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» | Դավինչի | 178 | |
| 2 | +4 | «Շաղգամը» | Բուկինիստ | 86 | |
| 3 | 0 | «Ով է ապրում տնակում» | Բուկինիստ | 76 | |
| 4 | 0 | «Բոքոնիկը» | Բուկինիստ | 73 | |
| 5 | * | «Շունն ու կատուն» | Բուկինիստ | 67 | |
| 6 | +1 |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» |
GSM | 55 | |
| 7 | +1 | «Գայլն ու յոթ ուլիկները» | Բուկինիստ | 53 | |
| 8 | * | «Լինում է, չի լինում» | Զանգակ | 41 | |
| 9 | * |
Շառլ Պերո «Կարմիր գլխարկը» |
Բուկինիստ | 33 | |
| 10 | Նոր |
Ռոալդ Դալ «Մեծ Բարի Հսկան» |
Անտարես | 29 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը: