Հասարակական

Նոր նախարարության ստեղծումից հետո ոստիկանության և փրկարար ծառայության ծառայողների համար կսկսվի կամավոր ատեստավորման գործընթաց

3 րոպեի ընթերցում

Նոր նախարարության ստեղծումից հետո  ոստիկանության և փրկարար ծառայության ծառայողների համար կսկսվի կամավոր ատեստավորման գործընթաց

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներքին գործերի նախարարության ձևավորման մեկնարկից պետք է սկսվի կամավոր ատեստավորման գործընթացը, որի հիմնական նպատակը կլինի ոստիկանության և փրկարար ծառայության ծառայողների աշխատավարձերի առնվազն կրկնապատկումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ զուգահեռաբար այդ ամենը կկիրառվի նաև ազգային անվտանգության ծառայության, պետական պահպանության ծառայության ոլորտներում:

«Որպեսզի շփոթ չլինի, այս փուլում մենք այս մեխանիզմը ներդնում ենք այն ծառայությունների համար, որոնք համարվում են զինվորական բնույթի: Կարճ ասած ուսադիրներ կրող մարդկանց համար ենք մենք այս համակարգը ներդնում: 2023 թվականից գործընթացը պետք է գնա նաև քրեակատարողական ծառայության համակարգում, և 2023 թվականին արդեն բոլոր համակարգերում պետք է լինեն մարդիկ, ովքեր արդեն կաշխատեն կրկնապատկված աշխատավարձերով»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ խնդիր է առաջադրել՝ մյուս տարվանից նոր ստանդարտի ոստիկանության տարածքային կառույցների շենքեր ունենալու հետ կապված:

«Արդեն իսկ նախագծման աշխատանքները մեկնարկել են: Մենք կսկսենք Մեղրիի ոստիկանությունից: ԱԻՆ փրկարար ծառայությունում մենք Միացյալ Նահանգների կառավարության աջակցությամբ մի քանի տեղ նոր ստանդարտի ֆիզիկական ենթակառուցվածքներ ենք ստեղծել»,-նշեց վարչապետը:

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն էլ հավելեց, որ ստեղծվելիք Ներքին գործերի նախարարությունն է առաջնորդելու բոլոր մեկնարկած ռեֆորմների ընթացքը: «Հունվար ամսին պարեկային ծառայությունը կգործարկվի Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, որտեղ կահավորանքներն արդեն պատրաստ են: Նախատեսվում է միջմարզային կառույցներ ունենալ ոստիկանության գվարդիայի տրամաբանության ներքո, որտեղ կներառվեն երեք հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներ ` ոստիկանության զորքերը, ճանապարհային ոստիկանության ուղեկցող գունդն ու պետական պահպանության գլխավոր վարչությունը»,-ասաց Մինասյանը՝ հավելելով, որ նախատեսվում է ստեղծել մեկ օպերատորական խումբ, և քաղաքացին այլևս ստիպված չի լինի ոստիկանություն կամ ԱԻՆ զանգելու համար տարբեր համարներ հավաքել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ ոստիկանության պարկային ծառայության նոր մեքենաները հասել են Հայաստան, և արդեն դրանց կահավորման աշխատանքներն են ընթանում: Նա նշեց, որ պարեկային ծառայության ներդրման հետ կապված մի խնդիր կա միայն ` համակարգում կանանց ներգրավվածությունը:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում