Ժամանակն է, որ ԵՄ-ն որոշում կայացնի ՀՀ քաղաքացիների մուտքը Շենգենյան գոտու երկրներ ազատականացնելու վերաբերյալ. Մարուքյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը կարծում է, որ ժամանակն է, որպեսզի Եվրոպական Միությունը ազատականացնի Հայաստանի քաղաքացիների մուտքը Շենգենյան գոտու երկրներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարուքյանն այսպիսի կարծիք է հայտնել Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման 5-րդ տարեդարձի առիթով արված հայտարարության մեջ:
«Այսօր լրանում է EU CEPA համաձայնագրի 5 տարին (խմբ. Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր): Ժամանակն է, որ ԵՄ-ն որոշում կայացնի ՀՀ քաղաքացիների մուտքը Շենգենյան գոտու երկրներ ազատականացնելու վերաբերյալ: ՀՀ քաղաքացիները պետք է ԵՄ երկրներ ճամփորդեն առանց Շենգենյան վիզաների: Հայաստանն իր բարեփոխումներով վաստակել է այդ իրավունքը: Գնդակը ԵՄ դաշտում է, որպեսզի այդ որոշումը օր առաջ կայացնեն: Հույս ունեմ, որ մեր գործադրած ջանքերի շնորհիվ 2023թ. կհասնենք նաև այդ կարևոր հանգրվանին»,- ասված է Մարուքյանի հայտարարության մեջ: