Մշակույթ

Երաժշտությունը կարող է անիմացիոն կերպարներին շունչ ու հոգի տալ. կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը՝ նոր ոլորտում հաջողությունների մասին

12 րոպեի ընթերցում

Երաժշտությունը կարող է անիմացիոն կերպարներին շունչ ու հոգի տալ. կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը՝ նոր ոլորտում հաջողությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 23, ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլմը սինթեզված արվեստ է, և շատ ժամանակ երաժշտությունն է այն էմոցիոնալ շերտը, որը ստիպում է հուզվել, վախենալ, հանդարտվել, ազդվել…

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կոմպոզիտոր, դիրիժոր Անդրանիկ Բերբերյանը պատմեց, որ ֆիլմերի համար երաժշտություն գրելը բոլորովին այլ աշխարհ է. հրաշալի է, երբ կարող ես գրել թե՛ դասական, թե՛ էլեկտրոնային, ինչպես նաև՝ ջազ, ռոք, ֆոլկլոր երաժշտություն և առնչվել, ուսումնասիրել, բացահայտել ու կիրառել ստեղծագործությանդ մեջ տարբեր երկրների բազմազան երաժշտական մշակույթների առանձնահատկությունները:

Ինչպե՞ս կատարվեց մասնագիտական ընտրությունը:

Ես երաժիշտների ընտանիքից եմ, մայրս ջութակահարուհի է, հայրս` կոմպոզիտոր: Դեռ մանկուց երաժշտությունն ուղեկցել է ինձ: Առաջին քայլերին զուգահեռ ներկա էի լինում դասական համերգների: Հաճախել եմ երաժշտական դպրոց, որտեղ սովորում էի ջութակ և դաշնամուր նվագել, իսկ ավելի ուշ նաև` ալտ-սաքսոֆոն: Երբ հասկացա, որ այս ամենն իմը չէ, որոշում կայացրի թողնել: Տանը ռոյալ ունեինք, սկսեցի երաժշտություն գրել, այդ ժամանակ ընդամենը 14-15 տարեկան էի: Գրածներս ուղարկում էի հորս, ով այդ ժամանակ ապրում էր Սան-Ֆրանցիսկոյում, լսում էր, հետո նամակով իր տպավորությունների մասին գրում ու նշում էր դիտողությունները: Մորս հետ պատահական զրույցի ընթացքում կոմպոզիտոր Արամ Սաթյանը տեղեկանում է ստեղծագործելուս մասին, հետո հանդիպեցինք, ու իմ երաժշտությունից մի հատված ներկայացրի: Պարոն Սաթյանը մտածեց ու ասաց, որ պետք է ընդունվեմ Երևանի պետական կոնսերվատորիա (ԵՊԿ) և ստանամ պրոֆեսիոնալ կրթություն, այնուհետև կատակեց, թե կարմիր դիպլոմով կավարտեմ: Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին որոշում կայացրի նաև հաճախել դիրիժորության` սովորելով միաժամանակ և՛ կոմպոզիցիա, և՛ դիրիժորություն: Այնուհետև` կոնսերվատորիայի մագիստրատուրան ավարտելուց հետո, անմիջապես անցա զինվորական ծառայության, իսկ զորացրվելուն պես պետք է որոշում կայացնեի, թե ինչ ճանապարհով շարունակել իմ մասնագիտական ուղին: Հետո սկսեցի ավելի ակտիվ գործունեություն ծավալել որպես ֆիլմի կոմպոզիտոր, չնայած ապագայում մեծ ցանկություն ունեմ զբաղվել դիրիժորությամբ ևս:

Պարոն Բերբերյան գիտենք, որ հեղինակել և գործիքավորել եք մի շարք ֆիլմերի համար երաժշտություններ՝ տարբեր ժանրերում: Ինչպե՞ս սկսվեց ֆիլմերի աշխարհ ձեր մուտքը:

-Մանկուց շատ եմ սիրել ֆիլմեր դիտել: Հետո արդեն սկսեցի ուշադրություն դարձնել ֆիլմերի երաժշտությանը: Սկզբում ֆիլմն էի դիտում, հետո առանձին լսում ֆիլմի երաժշտությունը, հետո վերանայում ամբողջական ֆիլմը` հասկանալու համար, թե երաժշտությունն այդտեղ ինչ դեր ունի, ինչ խնդիր է լուծում: Եվ ինձ համար բացահայտեցի հրաշքը` այն, թե ինչ ազդեցություն է թողնում երաժշտությունը ֆիլմում: Ֆիլմը սինթեզված արվեստ է, և շատ ժամանակ երաժշտությունն է այն էմոցիոնալ շերտը, որը ստիպում է հուզվել, վախենալ, հանդարտվել, ազդվել… Կան դեպքեր, երբ երաժշտությունը հետին պլանում է և իր ներկայությամբ ճիշտ հուզական դաշտ է ստեղծում: Ակադեմիական և ֆիլմային երաժշտության կոմպոզիտորի խնդիրները տարբեր են: Ֆիլմի կոմպոզիտորին նաև տեխնիկական պատրաստվածություն է պետք, տարբեր ժանրերում աշխատելու հմտություն: Յուրաքանչյուր ֆիլմ կարծես ամեն անգամ մի նոր ստեղծագործական մարտահրավեր է: Հենց այս բազմազանությունը դարձավ ոգևորությանս առիթը: Հրաշալի է, երբ կարող ես գրել թե՛ դասական, թե՛ էլեկտրոնային, ջազ, ռոք, Ֆոլկլոր երաժշտություն և առնչվել, ուսումնասիրել, բացահայտել և կիրառել երաժշտությանդ մեջ տարբեր երկրների բազմազան երաժշտական մշակույթների առանձնահատկությունները:

Ո՞րն է ձեր առաջին ֆիլմը: Առաջարկն ընդունելուց առաջ ինչպե՞ս եք առաջնորդվում:

Մեծ կինո իմ մուտքը, կարելի է ասել, եղավ Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռություն» լիամետրաժ ֆիլմով՝ 2015 թվականին, որտեղ ես և երաժշտության մշակմամբ էի զբաղված և տարբեր տեսարանների համար երաժշտություններ գրելով:

Իսկ ֆիլմի համար երաժշտություն գրելու իմ հետաքրքրություն ու առաջնային պայմանը դա միանշանակ սցենարն ու դրամատուրգիայի գիծն է, այսինքն ի՞նչ նյութի հետ եմ ես աշխատելու, և ի՞նչ էմոցիաներ եմ ես ստեղծելու: Որից հետո հաջորդում է, թե, որ ռեժիսորին է վստահված ֆիլմը և, իհարկե, թիմը, որտեղ հավաքված կլինեն տարբեր մշակութային ասպարեզների ներկայացուցիչներ, ովքեր կկարողանան միմյանց հետ համագործակցել, որպեսզի ստացված համագործակցության արդյունքը արտացոլվի վերջնական ֆիլմում:

Կառանձնացնե՞ք այն ֆիլմերը , որտեղ և՛ երաժշտությունը, և՛ ֆիլմը առանձնահատուկ նշանակություն ունեն Ձեզ համար:

Ինձ համար ,շատ հետաքրքիր էր աշխատել «Կաֆկայի երազը» կարճամետրաժ ֆիլմի վրա, քանի որ ֆիլմը անիմացիոն էր, իսկ ինձ համար հետաքրքիր էր գեղարվեստական և խաղարկային լիամետրաժ ֆիլմերից հետո՝ գործ ունենալ նաև անիմացիայի հետ: Այն բոլորովին մեկ այլ աշխարհ է, դու պետք է կարողանաս նկարված կերպարներին կենդանացնես ու շունչ հաղորդես. դա շատ բարդ է, բայց երաժշտությունը այդ ուժն ունի:

Ֆիլմերի համար երաժշտություն ստեղծելիս ի՞նչն եք կարևորում և ինչի՞ն եք ավելի շատ ուշադրություն դարձնում:

Ինձ համար ամենակարևորն այն է, որ ֆիլմի տվյալ տեսարանի համար ստեղծվի ամենամոտ և ամենաճիշտ երաժշտական մեկնաբանությունը: Որը իր մեջ կպարունակի ֆիլմում հիշատակվող թեման, կբնութագրի ժամանակաշրջանը և ինչ-որ տեղ էլ ֆիլմից զատ կունենա իր գեղագիտական արժեքը: Չի լինի պարզապես ֆոնային երաժշտություն, այլ կհիշվի և կլինի օրիգինալ:

Այս տարվա «Ոսկե ծիրան»-ին կար ընդգրկված երկու ֆիլմ, որտեղ հնչում է Ձեր գրած երաժշտությունը: Կպատմե՞ք այդ ֆիլմերի մասին:

19-րդ «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնում որպես հատուկ ֆիլմ ընտրված էր «Ամերիկացին» որպես բացման ֆիլմ և կայացավ նաև ֆիլմի պրեմիերան: Իսկ մրցութային փուլում«Արծաթե ծիրանին» արժանացավ Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը։

Երկու ֆիլմերի դեպքում էլ երաժշտությունը ձայնագրվել է նվագախմբերով. Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմի դեպքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի հետ ձայնագրեցինք՝ մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ, որտեղ մենակատարն էր ջութակահար Անուշ Նիկողոսյանը, իսկ Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացում» ձայնագրեցինք սիմֆոնիկ նվագախմբով՝ Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, այստեղ էլ մենակատարը թավջութակահար Նարեկ Հախնազարյանն էր:

Այս երաժշտակազմերի ու երաժիշտների ներգրավումը ֆիլմ՝ ինձ համար շատ կարևոր էր, քանի որ Հայաստանում նման պրակտիկան նոր է, որ կինոերաժշտությունը կենդանի ձայնագրվի ու ներգրավվեն նման մակարդակի երաժիշտներ:

«Սողոմոնի երգերը» ֆիլմի համար երաժշտությունը գրելը դժվար չէ՞ր արդյոք:

Կար մեծ պատասխանատվություն: Երբ հեռախոսազանգ ստացա ռեժիսոր Արման Նշանյանից, հասկացա, որ լուրջ և կարևոր գործ է ինձ վստահվել: Երբ ֆիլմը դիտեցի, հասկացա, որ այն ոչ թե ֆիլմ է Կոմիտասի մասին, այլ, ինչպես Արմանն է սիրում նշել, ֆիլմը Կոմիտասի շնչով է: Ինձ համար նաև շատ կարևոր հանգամանք էր այն, որ այս ֆիլմով առաջին անգամ հնարավորություն ունեցանք տեսնել մանուկ Կոմիտասին: Ֆիլմում օգտագործվել են կոմիտասյան երաժշտության տարբեր հատվածներ` «Վայ լե», «Գութաներգ», «Գարունա», «Ալ այլուղս» և այլն, իսկ մնացած դեպքերում պետք է գրվեր նոր երաժշտություն, որը կլրացներ տեսարանների բովանդակությունը` մնալով համահունչ կոմիտասյան երաժշտության էսթետիկային, հայ ֆոլկլոր երաժշտական լեզվամտածողությանը և միևնույն ժամանակ կհամապատասխաներ ֆիլմերաժշտությանը՝ իբրև առանձին երաժշտական ժանր: Այս տարրերը համադրելով` ստացանք «Սողոմոնի երգերը» ֆիլմի համար հատուկ գրված սաունդթրեք ալբոմը: Երաժշտությունը ձայնագրեցինք` օգտագործելով թե՛ լարային կազմ,թե՛ ազգային նվագարաններ, այդ թվում` շվի, բլուլ, դուդուկ, ուդ, քամանչա: Շատ մանրակրկիտ է ընտրվել, թե որ գործիքն ինչ դեր պետք է ունենա: Այս ֆիլմի համար գրված երաժշտությունը նվագախմբային երաժշտության և ֆոլկլոր գործիքային երաժշտության սինթեզ է:

Անդրադառնանք Հայաստանում ֆիլմերաժշտության խնդիրներին: Ի՞նչ փոփոխություններ եք նկատում այս ուղղությամբ:

Հայաստանում ֆիլմերաժշտությունը վերջին տարիներին է նոր թափ առել, որովհետև մինչ այդ շատ ժամանակ լինում էին դեպքեր, երբ այլ երկրների տարբեր հայտնի ֆիլմերից վերցված երաժշտություն էր օգտագործվում, որը անթույլատրելի է միջազգային օրենքներով ու խախտում է հեղինակային իրավունքները: Խնդիր է նաև այն, որ շատ ժամանակ օգտագործվում է համակարգչով գրված երաժշտությունը: Փորձեմ բացատրել. շատ դեպքերում ռեժիսորներն ուզում են ֆիլմի տեսարանի տակ արդեն պատրաստի երաժշտությունը լսել` գործիքավորված նվագախմբային հնչողությամբ` որպես վերջնական նյութ, և շատ ժամանակ երաժշտությունը այդպես էլ մնում է համակարգչային էսքիզային փուլում, հետո այդպես էլ դուրս է գալիս էկրաններ: Ֆինանսի ոչ ճիշտ բաշխման կամ բացակայության հետևանքով բաց են թողնվում նվագախմբի, անսամբլների, երաժիշտների ներգրավումը: Երաժշտության կենդանի շունչը, զգացմունքային գունապնակը ներկայացնելու համար շատ կարևոր է կենդանի կատարումը: Խնդիրներից մեկն էլ այն է, որ երաժշտագետները չեն զբաղվում ֆիլմերաժշտության ուսումնասիրությամբ, չկան քննադատական հոդվածներ, որոնք կնպաստեին ոլորտի զարգացմանը:Շատ կցանկանայի, որ Հայաստանում մրցակցային դաշտն ակտիվանար:

Ի՞նչ հետաքրքիր նորությունների սպասենք ապագայում: Ի՞նչ պլաններ ունեք:

Մենք այժմ ինտենսիվ աշխատում ենք Հայաստանում ստեղծված ֆիլմերի համար իմ գրած երաժշտությունների տարածման ուղղությամբ: Վերջերս ստորագրել ենք պայմանագիր, որով հանրահայտ «BMG» ընկերությունը կթողարկի «Սողոմոնի երգերը» ֆիլմի երաժշտության սաունդթրեք ալբոմը: Առաջիկայում նաև սպասվում են տարբեր պրեմիերաներ, քանի որ այս պահին միաժամանակ մի քանի ֆիլմերի վրա եմ աշխատում, թե՛ լիամետրաժ, թե՛ կարճամետրաժ և թե՛ անիմացիոն: Շատ հատկանշական է, որ այս ոլորտում իմ երկար ու բազմաժանր աշխատանքի շնորհիվ ստեղծվել է «Berberyan Production Studios»-ը, որը միտված է Հայաստանում ավելի ընդլայնել ֆիլմերաժշտության ոլորտը և ավելի կարևորել այն որպես առանձին մասնագիտություն: Մեր ստուդիան զբաղվում է ֆիլմերի ամբողջ հնչունային հետարտադրական աշխատանքներով:

Ինչն է ձեզ ամենից շատ երջանկացնում :

Ինձ երջանկացնում է այն հանգամանքը, երբ ինձ համար նպատակ դարձած երազանքն իրականություն է դառնում:

Ձեզ երջանիկ և հաջողակ մարդ համարո՞ւմ եք:

Այո, միանշանակ: Ե՛վ անձնական կյանքում և՛ կարիերայում ինձ համարում եմ շատ հաջողակ:

Գայանե Գաբոյան

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

Համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ համերգ` Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Մշակույթ

Համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ համերգ` Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում «Նոր գույներ» երիտասարդական մշակութային զարգացման կենտրոն է բացվել

Մշակույթ

Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում «Նոր գույներ» երիտասարդական մշակութային զարգացման կենտրոն է բացվել

Դիլիջանում կանցկացվի Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

Մշակույթ

Դիլիջանում կանցկացվի Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

«Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը հանձնվել է Տարսեմ Սինխին

Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը հանձնվել է Տարսեմ Սինխին

Հայտնի են  «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro հարթակի հաղթողները

Մշակույթ

Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro հարթակի հաղթողները

Հանրահայտ ջութակահար Ռոբի Լակատոշն իր երաժշտախմբով ելույթ կունենա Հայաստանում

Մշակույթ

Հանրահայտ ջութակահար Ռոբի Լակատոշն իր երաժշտախմբով ելույթ կունենա Հայաստանում

Հայկական ազգային հագուստը, ավանդույթներն ու մշակույթը կներկայացվեն վեցերորդ «ՏԱՐԱԶֆեստ»-ին

Մշակույթ

Հայկական ազգային հագուստը, ավանդույթներն ու մշակույթը կներկայացվեն վեցերորդ «ՏԱՐԱԶֆեստ»-ին

Հայ կի­նո­յի 100-ամ­յա արտադրան­քը՝ մեկ գրքում. կայացել է երկլեզու կատալոգի շնորհանդեսը

Մշակույթ

Հայ կի­նո­յի 100-ամ­յա արտադրան­քը՝ մեկ գրքում. կայացել է երկլեզու կատալոգի շնորհանդեսը

«Քեզ համար, Հայաստան». Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել Գյումրիում

Մշակույթ

«Քեզ համար, Հայաստան». Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել Գյումրիում

Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը. հայտնի են մրցանակակիրները

Մշակույթ

Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը. հայտնի են մրցանակակիրները

Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում

Մշակույթ

Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում