Հասարակական

«Արմենպրես»-ը Աբու Դաբիի Համաշխարհային մեդիա կոնգրեսի շրջանակում միացել է Հանդուրժողականության խարտիային

4 րոպեի ընթերցում

«Արմենպրես»-ը Աբու Դաբիի Համաշխարհային մեդիա կոնգրեսի շրջանակում միացել է Հանդուրժողականության խարտիային

ԱԲՈՒ ԴԱԲԻ,16ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազնիվ ու թափանցիկ գործունեությունը զանգվածային լրատվամիջոցի համար ամենաիրատեսական տարբերակն է՝ արժանանալու ընթերցողի և ունկնդրի վստահությանը։ Այս մասին Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաքում անցկացվող Համաշխարհային մեդիա կոնգրեսի երկրորդ օրվա բացման խոսքում հայտարարեց ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության նախարար շեյխ Նահյան բին ՄուբարաքալՆահյանը։

Քանի որ նոյեմբերի 16-ին նշվում է Հանդուրժողականության միջազգային օրը, նախարարն անդրադարձավ օրվա նշանակությանն ու այս համատեքստում մեդիա ոլորտի ներկայացուցիչների գործունեության կարևորությանը։ «Հարկավոր է պայքարել ծայրահեղականության ու ատելության դեմ, հարկավոր է ողջ աշխարհում տարածել սիրո ու եղբայրության արժեքները»,- նշեց շեյխ Նահյան բին ՄուբարաքալՆահյանը։

Նա նկատեց, որ ԶԼՄ-ների վրա մեծ պատասխանատվություն կա՝ սեփական լսարանի առջև տարածելու հանդուրժողականության գաղափարը։ «Ձեզ վրա դրված է պատասխանատվություն՝ օգնելու ձեզ լսողներին, դիտողներին ու ընթերցողներին՝ ծանոթանալու այլ մարդկանց մշակույթների հետ։ Լինել բաց այդ մշակույթների առաջ և փոխգործակցել նրանց հետ իմաստուն կերպով։ Կարևոր է նաև զարգացնել սեփական հավատն առ այն, որ բազմազանությունը մարդկության համար ուժի աղբյուր է»,- նշեց ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության նախարարը՝ ընդգծելով, որ այդ ուղերձը պետք է հասցնել բոլորին՝ երեխաներից, երիտասարդներից մինչև կրոնական գործիչներ, ձեռնարկատերեր, դպրոցների ու համալսարանների, քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ։

Նա ընդգծեց մարդկության կուտակած փորձը ճիշտ ընկալելու, ընդունելու և այն ճանաչելու կարևորությունը։

«Լրատվամիջոցների վրա պատասխանատվություն կա՝ ապահովելու լիակատար թափանցիկություն, կասկածի տակ դնելու ոչ ճիշտ տեղեկատվությունը։ Դուք պարզապես պարտավոր եք դա անել։ ԶԼՄ-ների ներկայացուցիչները և նրանց ներկայացրած ընկերությունները հենց իրենք պետք է ազնվության օրինակ ծառայեն՝ մշտապես պատրաստ ինչ-որ նոր բան սովորելու»,- ասաց նախարարը։

1995 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոյեմբերի 16-ը պաշտոնապես հռչակել է որպես Հանդուրժողականության միջազգային օր։ Քանի որ այս օրը համընկել էր Համաշխարհային մեդիա կոնգրեսի անցկացման հետ, կազմակերպիչները պատրաստել էին հատուկ փաստաթուղթ՝ Լրատվամիջոցների հանդուրժողականության խարտիա, որում ներգրավված լրատվամիջոցները ևս մեկ անգամ ամրագրել էին իրենց լսարանի ներսում հանդուրժողականության գաղափարի առաջխաղացման գործում ջանքեր գործադրելու պատրաստակամությունը։

«Արմենպրես» լրատվական գործակալությունը, որը Համաշխարհային մեդիա կոնգրեսի հովանավորն է, ևս միացել է խարտիային։

Նոյեմբերի 17-ին կոնգրեսը կավարտի աշխատանքները։ Այն տեղի է ունենում ԱՄԷ փոխվարչապետ, նախագահական հարցերով նախարար շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի բարձր հովանու ներքո։ Կոնգրեսի կազմակերպիչներն են Աբու Դաբիի Ազգային ցուցադրությունների ընկերությունն (ADNEC) ու Էմիրաթների լրատվական գործակալությունը (WAM)։ Կոնգրեսին մասնակցում են 29 երկրի ավելի քան 170 լրատվական կազմակերպություններ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում