Արցախ

Արցախի տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի փաստացի իրականացումը կապահովվի օրենքով

2 րոպեի ընթերցում

Արցախի տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի փաստացի իրականացումը կապահովվի օրենքով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 14-ին նիստում քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության համաձայն՝ նախագծերի ընդունումը պայմանավորված է Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի փաստացի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ: Փաթեթով առաջարկվում է ընտրողների ցուցակները կազմել ըստ ընտրողների հաշվառման վայրի հասցեների, իսկ Արցախի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվող բռնազավթված տարածքների Արցախի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձանց ընտրողների ցուցակները՝ ըստ գտնվելու վայրի հասցեների՝ այդ կերպ նպաստավոր պայմաններ ստեղծելով քվեարկության կազմակերպման համար:

Փոփոխությունները ներկայացրել է Արցախի արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը: Նա պատասխանել է պատգամավորների հարցերին: ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը տեղեկացրել է, որ նախագծերի փաթեթը փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական ծառայությունում և առաջարկված խմբագրական բնույթի փոփոխությունները հեղինակի կողմից ընդունվել են:

«Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի արտահերթ նիստի քննարկմանը:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում