Հասարակական

Եվրասիա միջազգային համալսարանում բացվեց ԵՄ իրավունքի ոլորտում «Ժան Մոնե» առաջին ամբիոնը

3 րոպեի ընթերցում

Եվրասիա միջազգային համալսարանում բացվեց  ԵՄ իրավունքի ոլորտում  «Ժան Մոնե» առաջին ամբիոնը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիա միջազգային համալսարանումբացվեց Ժան Մոնե «ԵՄ իրավական ուսումնասիրությունների և իրավական Եվրոպականացում» ամբիոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանում Եվրոպական միության(ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, եվրոպական երկրների պատվիրակներ և այլ փորձագետներ:

Ամբիոնի ղեկավար Աննա Խվորոստիանկինան նշեց, որ սա ԵՄ իրավունքի ոլորտում Ժան Մոնեի առաջին ամբիոնն է Հայաստանում:

«Ժան Մոնե» ամբիոնի նպատակն է ծառայել որպես ԵՄ իրավունքի ոլորտում և ԵՄ սահմաններից դուրս իրավակարգերի եվրոպականացման գործընթացների վերաբերյալ գիտելիքների հանգույց: Ամբիոնը նպատակ ունի իրականացնել Եվրոպական իրավունքի խորացված ուսուցում, նաև ոչ իրավաբանական կրթությամբ ուսանողների համար, խթանել հետազոտական աշխատանքներով զբաղվելը և համախմբել տեղական ակադեմիական համայնքը»,- ասաց նա:

Աննա Խվորոստիանկինան ասաց, որ ամբիոնի կողմից դասավանդվող դասընթացները կինտեգրվեն Եվրասիա միջազգային համալսարանումգործող ուսումնական ծրագրերին, իրավունքի և կայուն զարգացման մագիստրոսական ծրագրին, ինչպես նաև ծրագրից դուրս մասնակիցներին կառաջադրվեն վկայագրով ծրագրեր:

Ամբիոնի ղեկավարը տեղեկացրեց, որ ամբիոնում դասընթացները մեկնարկելու են հաջորդ կիսամյակի գարնանից և նշեց, որ ծրագիրը տևելու է երեք տարի:

Հայաստանում Եվրոպական միության(ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն ընդգծեց, որ Հայաստանում «Ժան Մոնե» առաջին ամբիոնի բացումը իրավական ոլորտում նշանակալի քայլ է դեպի առաջ:

«Ամբիոնի ստեղծումը միավորում է մի քանի նպատակներ, և մենք ցանկանում ենք ունենալ սերտ համագործակցություն, որպեսզի կարողանանք ապահովել առաջընթաց արդարադատության ոլորտի բարեփոխումներում և միասին կարողանանք զարգացնել այս ոլորտները»,- ասաց նա:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, շնորհավորելով ներկաներին, ընդգծեց, որ ամեն ինչ սկսվում է կրթությունից, եթե կարողանան ապահովել դա, ապա կձևավորվի կրթված հասարակություն:

«Շատ ողջունելի է, որ Եվրասիական համալսարանը, լինելով ոչ պետական բուհ, իրականացնում է նման ծրագրեր, որովհետև, մեր կարծիքով, մասնավոր համալսարանները պետք է զարգանան և օրինակ ծառայեն մնացած բուհերի համար ևս»,- ասաց Թռչունյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում