Միջազգային հանրությունը պետք է Բաքվի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերի. ԵԽ պատգամավոր Լարս Պատրիկ Բերգ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշման անհրաժեշտություն է տեսնում, շեշտում՝ Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ գերիներին: Պատգամավորը նման տեսակետ է հայտնել «Արմենպրես»-ի հետ զրույցում:

-Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանի տարբեր ուղղություններով հարձակում գործեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը: Հարձակման հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ: Միևնույն ժամանակ, Բաքվից չեն դադարում Հայաստանի նկատմամբ ուժ կիրառելու սպառնալիքները: Ձեր կարծիքով ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի Ադրբեջանը հետ քաշի զորքերը և վերադառնա կառուցողական բանակցությունների հուն:

-Ադրբեջանը պետք է հարգի միջազգային բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությունները, դադարեցնի ռազմական գործողությունները և վերադարձնի ռազմագերիներին։ Միջազգային հանրությունը պետք է Բաքվի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերի: Թեև ես մտավախություն ունեմ, որ այս պահին ուշադրությունը Ուկրաինայի և Ասիայի վրա կենտրոնացնելու պայմաններում Ադրբեջանի ղեկավարությունը կհանդգնի շարունակել էսկալացիան:

-Ինչպե՞ս եք գնահատում Բաքվի ագրեսիայի առնչությամբ Եվրոպական խորհրդարանի աշխատանքը: Արդյոք Եվրոպական խորհրդարանը ձեռնարկո՞ւմ է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ Ադրբեջանին կառուցողական հուն վերադարձնելու և Հայաստանի տարածքի օկուպացիան դադարեցնելու համար:

-Իմ կարծիքով՝ ճշմարտությունն այն է, որ Եվրոպական խորհրդարանը սահմանափակ ազդեցություն ունի այս հակամարտությունում։ Մենք կարող ենք փորձել և ազդել, բայց ճշմարտությունն այն է, որ քանի դեռ Թուրքիան չի որոշել պատասխանատու կերպով գործել, Ադրբեջանի իշխանությունները կհավատան, որ կարող են գործել հարաբերական անպատժելիության պայմաններում:

-Հնարավոր համարո՞ւմ եք ԵՄ-ի կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ անդամ երկրների մեծ մասը արձանագրել է, որ Ադրբեջանն է նախաձեռնել հարձակումը, ինչի հետևանքով շարունակում են օկուպացված մնալ Հայաստանի տարածքի որոշ հատվածներ: Առայժմ հնչում են ադրբեջանական զորքերը ելման դիրքեր հետ քաշելու կոչեր, սակայն գործնական քայլեր այդ ուղղությամբ, կարծես, չեն արվում:

-Ես պատժամիջոցների, հատկապես ԵՄ-ի կողմից պատժամիջոցների մեծ ջատագով չեմ։ Կարծում եմ, որ անդամ երկրները պետք է ավելի ուժգին կերպով դատապարտեն ագրեսիան և փորձեն դիվանագիտական ճանապարհով Բաքվին մեկուսացնելու ուղիներ դիտարկել:

-Հայտարարվել էր, որ Հայաստան է ժամանելու Եվրոպական խորհրդարանի պատգամավորների փաստահավաք առաքելությունը։ Դուք նույնպես ընդգրկված էիք պատվիրակության կազմում։ Կներկայացնե՞ք առաքելության նպատակը, ի՞նչ աշխատանք եք իրականացրել Հայաստանում, և ի՞նչ արդյունք կտա դա: (ԵԽ պատգամավորների փաստահավաք խումբը Հայաստանում է եղել հոկտեմբերի 31-նոյեմբերի 4-ը)

-Նպատակը ճիշտ այն է, ինչ դուք նշեցիք՝ փաստահավաք: Մենք պետք է զեկուցենք Բրյուսելի մեր գործընկերներին, հետևաբար կարևոր է քննարկումներ ունենալ ադրբեջանական ագրեսիայից անմիջականորեն տուժածների հետ։ Հետևաբար, մենք բանակցություններ ենք վարում Հայաստանում շահագրգիռ կողմերի հետ: Եվ Բրյուսելում կարող ենք պայմանավորվել, թե ինչպես շարունակել:

Հայերեն English Español Français Русский

Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս

Կանայք ավելի շատ են աշխատում, քան տղամարդիկ՝ շաբաթական 44-49 ժամ հատկացնելով ընտանիքի խնամքին. հետազոտություն

Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը

Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս

Դաշնակահար Վարդան Օվսեփյանն ու երգչուհի Տատիանա Պառռան երևանյան համերգով անմոռանալի օր կպարգևեն ջազի երկրպագուներին

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը

Աստանայում կկայանա «Ապագայի խաղեր» միջազգային բազմամարզական միջոցառումը

Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել

Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը. Սիրիայի նախագահ

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ