Փաշինյանը և Ռայիսին ընդգծել են ՀՀ-ԻԻՀ առևտրաշրջանառությունը 3 մլրդ դոլարի հասցնելու անհրաժեշտությունը. ՀՀ վարչապետի այցն ավարտվել է

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև աշխատանքային այց է կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն: Թեհրանի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է ԻԻՀ փոխնախագահ Մասուդ Միր Քազեմին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, այնուհետև վարչապետ Փաշինյանն ուղևորվել է Սաադաբադ պալատ: Այստեղ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ողջունել է վարչապետ Փաշինյանին, և տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը:

Մինչ բանակցությունների սկսվելը` Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Իրանի նավթի փոխնախարար, Գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենին ստորագրել են Բնական գազի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

Նշվում է, որ նախ տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի ընդլայնման, առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացման հնարավորություններին: Մասնավորապես, ընդգծվել է այդ ծավալները տարեկան 3 մլրդ դոլարի հասցնելու անհրաժեշտությունը, ինչի համար, ըստ վարչապետ Փաշինյանի և Էբրահիմ Ռայիսիի, առկա է համապատասխան ներուժ:

Կողմերը քննարկել են նաև ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, գյուղատնտեսության, շինարարության և այլ բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է բեռնափոխադրումների դյուրացման համար համատեղ ծրագրերի իրականացումը, Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունն ավարտին հասցնելու անհրաժեշտությունը:

Ըստ աղբյուրի՝ հանդիպումից հետո Հայաստանի և Իրանի առաջնորդները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Էբրահիմ Ռայիսին, մասնավորապես, նշել է. «Բարի գալուստ եմ մաղթում Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետին և իրեն ուղեկցող պատվիրակության անդամներին: Կասկած չունեմ, վստահ եմ, որ պարոն վարչապետի այցելությունը կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը:

Հարևանության քաղաքականությունը մեր գլխավոր քաղաքականություններից է, և այս ամիսների ընթացքում մի քանի հանդիպումներ ենք ունեցել պարոն Փաշինյանի հետ: Այդ հանդիպումների և այսօրվա այցի ընթացքում մենք շեշտել ենք երկու երկրների միջև կապերի զարգացման կարևորությունը՝ հատկապես տնտեսական, առևտրաշրջանառության, քաղաքական և անվտանգության ոլորտներում:

Մենք նախորդ ամիսների ընթացքում Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններում ունեցել ենք 43 տոկոս աճ, բայց նպատակադրումը, թիրախը 3 մլրդ դոլարն է: Այս նպատակին հասնելն անպայման կիրականանա: Երկու երկրների միջև լավ հարաբերությունները, վստահ եղեք, հանգեցնելու են տարածաշրջանում հարաբերությունների և անվտանգության ամրապնդմանը:

Կովկասյան տարածաշրջանն Իրանի պատմական անցյալի մշակութային և քաղաքակրթության մի մասն է, և մենք շատ զգայուն ենք այդ տարածաշրջանի նկատմամբ: Տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումը շատ մեծ կարևորություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար: Պարոն Փաշինյանի հետ ունեցած բանակցություններում եկանք եզրակացության, որ տարածաշրջանի հարցերը, խնդիրները պետք է անպայման տարածաշրջանի երկրների պատասխանատուների միջոցով լուծումներ գտնեն: Օտար ուժերի ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծում, այլ խնդիրներն ավելացնում է:

Տարածաշրջանի համագործակցություննն է, որ երաշխավորելու է երկրների միջև ամբողջական և հարատև խաղաղություն: Հուսով եմ` այն համաձայնությունները, որ կայացել են այս այցի ընթացքում և որոշվել է, որ երկու երկրների պատասխանատուները պետք է ջանք չխնայեն այդ համաձայնություններն իրականացնելու ուղղությամբ, կնպաստեն մեր հարաբերությունների հետագա զարգացմանը, և մենք երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի ականատեսը կլինենք: Եվս մեկ անգամ ողջունում եմ բարեկամ և հարևան Հայաստանի վարչապետին և իրեն ուղեկցող պատվիրակության անդամներին»:

Իր հերթինվարչապետ Նիկոլ Փաշինյաննասել է. «Հարգելի պարոն նախագահ, շնորհակալ եմ հրավերի և ջերմ ընդունելության համար: Պիտի արձանագրեմ, որ շատ հագեցած այց ենք ունենում: Մենք քննարկել ենք երկու երկրների տնտեսական, քաղաքական հարաբերություններին վերաբերող հարցեր, ընդգծել ենք մեր պատմական կապերը, այդ թվում` արձանագրելով մեր հարաբերությունների նրբությունները: Ես բարձր եմ գնահատել նաև Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության վերաբերմունքը և քաղաքականությունն Իրանի հայկական համայնքի համար ստեղծված հնարավորությունների առումով: Պիտի ընդգծեմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը իսլամական և քրիստոնեական քաղաքակրթությունների համագործակցության և բարեկամության շատ պայծառ և վառ օրինակ են:

Քննարկել ենք նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր, և այս ուղղությամբ նույնպես Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը համագործակցության շատ մեծ դաշտ են տեսնում: Մենք ընդգծում և գնահատում ենք Իրանի սկզբունքային դիրքորոշումները տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման առումով: Ես պարոն Ռայիսիին պատմել եմ երեկ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքների մասին և կիսել եմ իմ տպավորությունները տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու օրակարգի և ընթացիկ գործընթացների շուրջ:

Կարևոր ենք համարում՝ իրանցի մեր գործընկերները տեղեկացված լինեն, թե ինչ է տեղի ունենում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում, Լեռնային Ղաևաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում:

Մեր խոսակցության մի հսկայական մաս, իհարկե, տնտեսական փոխգործակցությունը զարգացնելուն է վերաբերվում, և այստեղ մենք դիտարկում ենք հսկայական պոտենցիալ: Էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում կան կոնկրետ հեռանկարներ, որոնց շուրջ խոսակցությունը պետք է առավելագույնս կոնկրետացնել: Եվ ես ուրախ եմ, որ այցը կոնկրետ արդյունք ունի և ստորագրվել է «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման վերաբերյալ հուշագիր:

Այնպես որ, պարոն նախագահ, բոլոր հիմքերը կան այցն արդեն իսկ հիշարժան համարելու, և ես ուրախ կլինեմ Ձեզ հարմար ժամանակաշրջանում հյուրընկալել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում՝ այս խոսակցությունը շարունակելու համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հարաբերություններում դրական զարգացումներին աջակցելու համար, որի ամենավերջին արտահայտումը դարձավ Սյունիքի մարզկենտրոն Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսարանի բացումը: Շնորհակալ եմ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարճատև այցը Իրանի Իսլամական Հանրապետություն ավարտվել է:

Հայերեն العربية English Français Русский

Բեռլինում զանգվածային ցույց է տեղի ունեցել ընդդեմ ներգաղթը սահմանափակելու օրինագծի

Համահայկական խաղերի դահուկավազքի դասական ոճում լավագույններն Աշոցքի ու Սոչիի ներկայացուցիչներն են

Համահայկական խաղերի սպորտային պարերի մրցաշարում աննախադեպ մասնակցություն ունենք. գլխավոր մրցավար

Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների աշխատավարձից բռնագանձվող գումարի չափ է սահմանվել 20 տոկոսը

ԵՄ-ն 134 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային և պետք է օգնի ավելի շատ. Կալաս

Թբիլիսիում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ ավելի քան 30 ընդդիմադիր է ձերբակալվել

Թրամփը մաքսատուրքերը կքննարկի Կանադայի վարչապետի և Մեքսիկայի ղեկավարության հետ

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի սկզբի համեմատ բարձր է մնում 21 սմ-ով

Մարտունիի համայնքապետն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպանատան քաղաքական խորհրդականին

«Ալիե պառուսա» բնակելի համալիրում պայթյունից վիրավորվել է Դոնբասում գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը