Արցախն Ադրբեջանին բռնակցելու ցանկացած փորձ հայ ժողովրդի նոր ցեղասպանության պաշտոնական արտոնագիր է. Արցախի ԱԺ հայտարարությունը

5 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հոկտեմբերի 30-ին կայացած արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել՝ արձանագրելով, որ Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։ Հենց այս գաղափարը պետք է լինի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում։ Բացի այդ, շեշտվել է, որ ցանկացած փորձ՝ Արցախը բռնակցելու Ադրբեջանին, կհանդիսանա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և հայ ժողովրդի նոր ցեղասպանության իրագործման պաշտոնական արտոնագիր, հետևաբար՝ նման բովանդակությամբ փաստաթղթերը Արցախի Հանրապետության համար անընդունելի են։

Հայտարարության մեջ նշված է. «Վերջին մի քանի ամիսների զարգացումները, տարբեր ուժային կենտրոնների և միջազգային կազմակերպությունների՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների և Արցախի ապագայի հետ կապված հայտարարություններն ու հնչեցված դիրքորոշումները լուրջ մտահոգություն են առաջացրել Արցախում և համայն հայության շրջանակներում։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, արտահայտելով Արցախի ժողովրդի հավաքական կամքը, հարկ է համարում այս բախտորոշ ժամանակահատվածում ի լուր աշխարհի արձանագրել և փաստել հետևյալը.

  • Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։ Հենց այս գաղափարը պետք է լինի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում։
  • Ցանկացած փորձ՝ Արցախը բռնակցելու Ադրբեջանին, կհանդիսանա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և հայ ժողովրդի նոր ցեղասպանության իրագործման պաշտոնական արտոնագիր, հետևաբար նման բովանդակությամբ փաստաթղթերը Արցախի Հանրապետության համար անընդունելի են։

Վերահաստատելով, որ մեր բոլոր հաջողությունների ու ձեռքբերումների և պետականաշինության առանցքային հիմքերից է հանդիսանում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հ ա յ տ ա ր ա ր ու մ է.

  • Հայաստանի Հանրապետության ո՛չ մի իշխանություն իրավունք չունի հրաժարվել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու առաքելությունից կամ ընդունելի համարել որևէ փաստաթուղթ, որտեղ ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը կասկածի տակ կդրվի։ Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից՝ միջազգային հարթակներում հանդես գալ հայկական երկու հանրապետությունների միասնական շահերը պաշտպանելու դիրքերից՝ հիմք ընդունելով առկա հիմնարար փաստաթղթերը, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը և Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի պատմական որոշումը։
  • Կոչ ենք անում աշխարհասփյուռ հայությանը՝ շարունակել սատարել Արցախին, պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները և շահերը տարբեր երկրներում և միջազգային ատյաններում, համակողմանի նպաստելով Արցախի Հանրապետության ճանաչման գործին։
  • Արցախի Հանրապետությունը կողմնակից է կայուն խաղաղությանը և, հետևաբար, նաև խաղաղության պայմանագրի ստորագրմանը միտված քայլերին, սակայն Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է վերապահումով մոտենան Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ հաշվի առնելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու հանգամանքը։
  • Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստը կասկածի տակ դնող ցանկացած փաստաթուղթ և առաջարկ, մեզ համար անընդունելի է, քանի որ այն չի արտացոլում պատմաիրավական իրողությունները։ Միջազգային հանրությունը պարտավոր է հարգել արցախահայության պահանջը, քանզի այն համապատասխանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և նորմերին։
  • Հաշվի առնելով Ռուսաստանի պատմական դերակատարությունը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում և, մասնավորապես, ագրեսոր Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի դադարեցմանն անձամբ ՌԴ Նախագահ Վ. Պուտինի անմիջական և գործուն մասնակցությունը՝ դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը` Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով: Այն ամրապնդելու նպատակով առաջարկում ենք, հաշվի առնելով Արցախի ժողովրդին սպառնացող գոյաբանական իրական վտանգները, ներդնել քաղաքական և ռազմական լրացուցիչ մեխանիզմներ։
  • Մեր պայքարը շարունակական է, դիրքորոշումը՝ անփոփոխ և արտահայտում է աշխարհասփյուռ հայության հավաքական կամքն ու ամբողջությամբ բխում է ԱրցախիՀանրապետության Ազգային ժողովի 2022թ. ապրիլի 14-ի հայտարարությամբ նախանշված սկզբունքներից»։
Հայերեն العربية Español Français Русский

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել