Բաքոյանը Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպմանը ներկայացրել է ՀՀ ինքնիշխանության դեմ ադրբեջանական ագրեսիան
2 րոպեի ընթերցում
![Բաքոյանը Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպմանը ներկայացրել է ՀՀ ինքնիշխանության դեմ ադրբեջանական ագրեսիան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/10/1095867.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հոկտեմբերի 25-ին Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի ուղեկցությամբ հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի խոսնակ Ռեվազ Ֆաիքի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:
Ռուստամ Բաքոյանը զրուցակցին է ներկայացրել իր այցի հիմնական նպատակը, անդրադարձել ՀՀ կառավարության կողմից կարիքավոր հայ ընտանիքներին եւ Շեյխանի ճամբարի եզդի փախստականներին հումանիտար օգնության տրամադրմանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել միջխորհրդարանական համագործակցության հեռանկարներին: Հաշվի առնելով, որ խորհրդարանի իրավասությունների ժամկետը մեկ տարով երկարաձգվել է, ԱԺ պատգամավորը Ռեվազ Ֆաիքին առաջարկել է դիտարկել խորհրդարանական պատվիրակությամբ Հայաստան այցելելու հնարավորությունները: Նա հավելել է, որ հայկական կողմը կփոխանցի պաշտոնական հրավերը, որի ժամկետները կճշտվեն դիվանագիտական խողովակներով:
Հանդիպմանը Ռուստամ Բաքոյանը բարձրացրել է նաեւ ՀՀ համալսարանների դիպլոմների` ԻՔ-ում ճանաչման հետ կապված հարցը: Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի խոսնակը խոստացել է իր լիազորությունների շրջանակում հետամուտ լինել այդ խնդրի լուծմանը:
Կողմերը քննարկել են ԻՔ խորհրդարանում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների ներկայության հարցը: ՀՀ ԱԺ պատգամավորը կարեւորել է եզդի ժողովրդին ԻՔ խորհրդարանում առանձին քվոտայի տրամադրումը` հաշվի առնելով շուրջ 500.000 եզդիների առկայությունն ԻՔ-ում: Ռեվազ Ֆաիքը նշել է, որ ներկայումս ԻՔ քաղաքական ուժերի միջեւ քննարկվում են ազգային եւ կրոնական փոքրամասնությունների` ԻՔ խորհրդարանում ներկայության հետ կապված մի շարք հարցեր:
Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է 2021 թ. մայիս, նոյեմբեր ամիսներին եւ 2022 թ. սեպտեմբերին ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ ադրբեջանական ագրեսիան եւ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներ ներխուժումը:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ առեւտրատնտեսական փոխգործակցության զարգացման գործում խորհրդարանների դերի հետ կապված հարցեր: