Քաղաքականություն

Միրզոյանը Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդի հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը

2 րոպեի ընթերցում

Միրզոյանը Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդի հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 25-ին Վատիկանում հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ (փոխվարչապետ) Էդգար Պենյա Պառայի և Սուրբ Աթոռի այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Զրուցակիցները ջերմությամբ են վերհիշել շուրջ մեկ տարի առաջ Էդգար Պենյա Պառայի այցը Հայաստան։

Կողմերը բարձր են գնահատել պատմական առնչությունների և ընդհանուր արժեքների վրա խարսխված Հայաստանի և Սուրբ Աթոռի հարաբերությունները, անդրադարձ կատարել երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի:

Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև միջպետական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Էդգար Պենյա Պառան պարգևատրվել է Բարեկամության շքանշանով։

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, ինչպես նաև հայկական կողմի դիրքորոշումները տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հասնելու վերաբերյալ:

Անդրադառնալով հումանիտար խնդիրներին` նախարար Միրզոյանն ընդգծել է Ադբրեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում