«Նոր գիրք»-38/22. Մահարի, Ռեմարկ, Թրեյսի
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ գրականություն
Գուրգեն Մահարի, «Մանկություն: Պատանեկություն: Երիտասարդության սեմին»

Գուրգեն Մահարու ինքնակենսագրական եռագրությունը XX դարասկզբի հայ հասարակական- քաղաքական կյանքի կարևոր ու մնայուն գրական վկայություններից է: Սույն հրատարակությունն իր ամբողջականությամբ շահեկանորեն տարբերվում է անգամ երկերի լիակատար ժողովածուում հրապարակված հատորից (2015 թ.):
Ի լրումն Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվող «Երիտասարդության սեմին» վիպակի երկու բնագիր- տետրերի, վերջերս գրողի ընտանեկան արխիվում հայտնաբերվել են ևս երկուսը՝ վերաքննված նոր հատվածներով, որոնք տպագրվում են առաջին անգամ: Կազմեց և հրատարակության պատրաստեց Գրիգոր Աճեմյանը: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Թարգմանական գրականություն
Էրիխ Մարիա Ռեմարկ, «Սիրիր մերձավորիդ»

«Սիրիր մերձավորիդ» (Liebe Deinen Nächsten) վեպը Է. Մ. Ռեմարկը սկսել է գրել 1938-ի ապրիլին՝ Յութա Իլզե Ցամբոնայի հետ ամուսնանալուց կարճ ժամանակ անց՝ շվեյցարական աքսորի տարիներին: Առաջին անգամ հրատարակվել է 1941-ին՝ Ստոկհոլմի «Բերման Ֆիշեր» աքսորյալների հրատարակչությունում: Գերմանիայում հրատարակվել է միայն 1953-ին:
Վեպի առանցքում բախտակից երեք էմիգրանտների կյանքի պատմությունն է: Քսանմեկամյա Լյուդվիգ Քեռնի, փորձառու, տարեց էմիգրանտ Շթայների և Քեռնի սիրելիի՝ Ռութի շուրջ են ծավալվում վեպի անչափ հուզիչ գործողությունները: Էմիգրանտներ, որ լքել են նացիոնալ-սոցիալիստական Գերմանիան և փորձում են եվրոպական մյուս երկրներում տանիք և աշխատանք գտնել: Պրահայով և Վիեննայով առանց անձնագրի ու փաստաթղթերի փախուստ Շվեյցարիա, նացիոնալ-սոցիալիստների մշտարթուն հետապնդումներ նաև Գերմանիայից դուրս, ի վերջո դրամատիկ հանգուցալուծում Փարիզում: Ուրախ և տխուր, երջանիկ և դժբախտ ակնթարթներ, որ անսպասելի հետևում են իրար ու ի վերջո ըմբռնել տալիս, որ կյանքում ամենակարևորը նույնիսկ ամենածանր պահերին մերձավորի հանդեպ սերն է և հոգատարությունը: Թարգմանությունը՝ Վանուհի Բաղմանյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:
Փաստավավերագրական գրականություն
Բրայան Թրեյսի, «Հարստանալու քո սեփական ուղին»

Ինչպես կասեր այս գրքի հեղինակ Բրայան Թրեյսին՝ առաջին պատճառը, որ մարդիկ չեն հարստանում, այն է, որ նրանց մտքով երբեք չի էլ անցնում, թե կարող են հարստանալ: Աշխարհահռչակ ամերիկացի խոսնակ, հաջողության փիլիսոփայության փորձագետ, բազում մոտիվացիոն գրքերի հեղինակ Բրայան Թրեյսիի «Հարստանալու քո սեփական ուղին» բեսթսելերը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ապրել հարուստ և բարեկեցիկ կյանքով։ Գիրքը լույս է ընծայել «Բուկինիստ»-ը:
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը