Քաղաքականություն

Բանակցություններում Ադրբեջանը չի առաջարկում ունենալ ճանապարհ, որը կունենա նույն կարգավորումները, ինչ Լաչինի միջանցքը.Միրզոյան

2 րոպեի ընթերցում

Բանակցություններում Ադրբեջանը չի առաջարկում ունենալ ճանապարհ, որը կունենա նույն կարգավորումները, ինչ Լաչինի միջանցքը.Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ներկայացուցիչները բանակցություններում չեն պնդում և չեն առաջարկում ունենալ ճանապարհ, որը կունենա նույն կարգավորումներն, ինչ Լաչինի միջանցքը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանն առ այն, թե իբր «Ադրբեջանն իրավացիորեն է ասում, թե Լաչինի միջանցքը և «Զանգեզուրի միջանցքը» պետք է ունենան նույն կարգավիճակը»:

Միրզոյանը ընդգծեց՝ այդ ձևակերպման մեջ մեծ չափազանցություն կա, Ադրբեջանն այդպիսի բան չի ասում:

«Բանակցություններում Ադրբեջանի ներկայացուցիչները չեն պնդում և չեն առաջարկում ունենալ ճանապարհ, որը կունենա նույն կարգավորումները, ինչ Լաչինի միջանցքը: Եթե պարոն Չավուշօղլուն իր կողմից այս բաղադրիչն է մտցնում բանակցություններում, ապա երևի լավ կլինի, որ իր անունից ասի: Ադրբեջանն այդպիսի բան չի ասում»,-ասաց Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ իրավացիորեն որևէ կողմ չի էլ կարող այսպիսի բան պնդել, քանի որ կարգավորումները տրված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և հետագայում նաև՝ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ: Երկու հայտարարություններն էլ հրապարակային են:

«Այնտեղ կա Լաչինի միջանցք, որը կյանքի ճանապարհ է ԼՂ հայության համար և կա հաջորդիվ տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման թեմա: Խոսվում է նաև Նախիջևանի հետ նոր կապուղու մասին: Մենք այս առումով մեր դիրքորոշումը բազմիցս հայտնել ենք, այն չի փոփոխվել, բոլոր ճանապարհները՝ այդ թվում և գործողները, և ենթադրաբար նոր կառուցվելիքները, պետք է գործեն այն երկրների սուվերենության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են»,-ասաց Միրզոյանը:

Նախարարը նշեց, որ իր սուբյեկտիվ ընկալմամբ այս առումով որոշակի առաջընթաց կա: Նա լավատեսություն հայտնեց, որ այս ուղղությամբ բանակցություններն առաջիկայում հաջողությամբ կարող են ավարտվել:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում