Պեկին

Չինաստանը ցանկանում է տնտեսության արագ տեմպերով աճից անցում կատարել որակական աճի

3 րոպեի ընթերցում

Չինաստանը ցանկանում է տնտեսության արագ տեմպերով աճից անցում կատարել որակական աճի

ՊԵԿԻՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը նախորդ տարիներին բոլոր ջանքերը գործադրել է տնտեսության արագ աճի համար․ այժմ երկրի համար կարևոր առաջնահերթություն է տնտեսության որակական աճի ապահովումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ազգային զարգացման և բարեփոխումների հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Չժաո Չենսին:

«Կայունություն ապահովելու ու առաջընթաց ունենալու սկզբունքով առաջնորդվելով` Չինաստանը բոլոր ջանքերը գործադրեց բարգավաճ երկիր ու բարեկեցիկ հասարակություն ունենալու նպատակին հասնելու համար։ Այդ նպատակին հասնելու համար կիրառվել է զարգացման նոր փիլիսոփայություն: Չինաստանը պատմական ձեռքբերումներ է գրանցել տնտեսական և սոցիալական զարգացում ապահովելու ուղղությամբ, որոնք իրականացվել են լրջագույն փոփոխությունների միջոցով»,- ասաց Չժաո Չենսին:

Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչը փաստեց, որ Չինաստանի ՀՆԱ-ն 2021 թվականին հասել է 114,4 տրիլիոն յուանի՝ 2012 թվականի 53,9 տրլն յուանի դիմաց, իսկ Չինաստանի ՀՆԱ-ի մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում աճել է 11,3%-ից մինչև 18,5%, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 6300 ԱՄՆ դոլարից հասել է 12.551 ԱՄՆ դոլարի:

«Խոշոր արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը պահպանել է կայունության ֆոնը՝ մնալով աշխարհում առաջատար դիրքերում: Չինաստանը եղել է համաշխարհային տնտեսական աճի ամենամեծ շարժիչ ուժը։ Միևնույն ժամանակ, մենք աշխատել ենք մարդկանց բարեկեցությունը շարունակաբար բարելավելու ուղղությամբ»,-ասաց նա:

Նախորդ 10 տարիների ընթացքում Չինաստանը հասել է պատմական արդյունքի` դուրս գալով ծայրահեղ աղքատությունից․ երկիրը ստեղծել է աշխարհի ամենամեծ սոցիալական ապահովության համակարգը։

Չժաո Չենսի խոսքով` Չինաստանի և Կոմունիստական կուսակցության առաջնորդ Սի Ծինփինի տեսակետը զարգացման մարդակենտրոն փիլիսոփայությունն է, ինչպես նաև տնտեսության արագ աճից որակական աճի անցնելն է: Ըստ նրա՝ Կոմկուսի 20-րդ համագումարի ընթացքում Չինաստանի ղեկավարի ներկայացված տնտեսական աճի ծրագիրը ծավալուն, խորը և հարուստ բովանդակություն ունի, որտեղ ներկայացված են տնտեսական աճի խթանները, ժամանակակից սոցիալիստական պետություն ունենալու ճանապարհները:

«Այժմ Չինաստանը սկսում է երկրորդ հարյուրամյակի ճանապարհորդությունը: Հիմա, առավել քան երբևէ, մենք մոտ ենք ազգային վերածննդին և վստահ ենք դրանում: Այս հարցում մեզ առաջնորդում է Կոմունիստական կուսակցությունը՝ իր ուժեղ ղեկավարությամբ»,-ասաց նա:

Լուսանկարը` Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի մամուլի ծառայության

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում