ՊԵԿԻՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի մայրաքաղաք Պեկինում շարունակվում են Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի նախապատրաստական աշխատանքները:
Համագումարին ընդառաջ Չինաստանի միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի նախաձեռնած ծրագրին մասնակցող լրագրողներին ներկայացրել են վերջին 10 տարիների ընթացքում Չինաստանի ձեռքբերումները, ինչպես նաև ապագայի տեսլականը:
Ինչպես նշվում է լրագրողներին տրամադրված տեղեկատվության մեջ, ստանձնելով Չինաստանի ղեկավարությունը 2012 թվականին կայացած համագումարից հետո՝ նախագահ Սի Ծինփինը և Կոմունիստական կուսակցությունը նոր դարաշրջան են բացել իրենց երկրի համար `շարունակելով անցյալի ավանդույթները և նոր ուղիներ բացելով ապագայի համար, պահպանելով ավանդույթները և խրախուսելով նորարարությունները:
Զարգացման նոր հայեցակարգը հանգեցրել է ընդհանուր զարգացման միջավայրի բարեփոխմանը: Չինաստանի տնտեսությունը ընտրել է ավելի լավ, ավելի արդյունավետ, արդար, կայուն և անվտանգ զարգացման ուղի, և երկիրը հասել է տնտեսական հզորության, գիտական նոր մակարդակի։
Չինաստանում մշակութային կյանքը նոր մակարդակի է հասել. չինացիների սերը իրենց մշակույթի նկատմամբ ավելի է խորացել, իսկ հոգևոր կյանքը՝ էլ ավելի հարստացել:
Առանձնակի նվաճում է համարվում ծայրահեղ աղքատության դեմ պայքարում Չինաստանի գրանցած հաջողությունը: Տնտեսության արագ զարգացումը և երկարաժամկետ կայունությունն ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռել են Չինաստանի վրա։ Նախորդ տասնամյակում երկրի ՀՆԱ-ն գերազանցել է 100 տրիլիոն յուանը, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն գերազանցել է 12000 դոլարը, իսկ Չինաստանի ներդրումը համաշխարհային տնտեսական աճում երկար տարիներ անընդմեջ մնացել է 30%-ից բարձր։
Նախորդ տարիների ընթացքում հաջորդաբար ստեղծվել են 21 փորձնական ազատ առևտրի գոտիներ, տնտեսական հզորությունը հասել է նոր մակարդակի. ընդհանուր տնտեսությունը 2012 թվականին 53,9 տրլն յուանից (մոտ 7,80 տրլն ԱՄՆ դոլար) 2021 թվականին հասել է 114,4 տրլն յուանի (մոտ 16,57 տրլն ԱՄՆ դոլար): Միևնույն ժամանակ, Չինաստանի տնտեսության մասնաբաժինը համաշխարհային տնտեսությունում 11,3%-ից հասել է 18%-ի, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 6300 դոլարից հասել է ավելի քան 12000 դոլարի։
10 տարվա ընթացքում Չինաստանում մշակութային ժառանգության պաշտպանության համար ներդրվել է ավելի քան 100 միլիարդ յուան։ Երկիրը հաջորդաբար անցկացրել է ազգային մշակութային ժառանգության երկու մարդահամար և իրականացրել է ավելի քան 10,000 ծրագրեր՝ աջակցելով ավելի քան 8800 հնագիտական պեղումների իրականացմանը։ Չինաստանում համաշխարհային ժառանգության օբյեկտների ընդհանուր թիվը կազմում է 56։
Էկոլոգիայի և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում ևս Չինաստանում լուրջ փոփոխություններ են եղել, որոնք շրջադարձային են ամբողջ երկրի համար, իսկ էկոհամակարգերի որակն ու կայունությունը զգալիորեն բարելավվել են, ակնառու արդյունքներ են գրանցվել կենսաբազմազանության պահպանման ոլորտում։
Կրթության ոլորտի պետական բյուջեի ծախսերի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում երկար տարիներ անընդմեջ գտնվում է 4%-ից բարձր մակարդակի վրա։ 2021 թվականի վերջի դրությամբ Չինաստանում առկա է 529,3 ուսումնական հաստատություն, որոնցում սովորում է 291 միլիոն մարդ: Համընդհանուր կրթվածության մակարդակը 2021 թվականի համեմատ 2012 թվականի 30%-ից աճել է մինչև 57.8%: Չինաստանում պարտադիր 9-ամյա կրթության մակարդակը գերազանցում է բարձր եկամուտ ունեցող երկրների միջին ցուցանիշին:
Չինաստանը կառուցել է աշխարհի ամենամեծ հեռախոսակապի ցանցային ենթակառուցվածքը՝ նորագույն տեխնոլոգիաներով և ամենալայն ծածկույթով: 2021 թվականի դեկտեմբերի դրությամբ Չինաստանում ինտերնետից օգտվողների թիվը հասել է 1,032 միլիարդի: Նոր տեխնոլոգիաների օգնությամբ տարբեր հավելվածներ աստիճանաբար մտնում են մարդկանց առօրյա կյանք։
Վերջին 10 տարիների ընթացքում Չինաստանն աշխարհում առաջատար է դարձել տնկված անտառների քանակով։ Ընդհանուր առմամբ՝ արհեստական անտառային տնկարկների տարածքը կազմել է մոտ 64 մլն հեկտար։
Կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո Չինաստանը ժամանակին հրապարակեց տեղեկատվություն համաճարակի մասին` փոխանցելով համաճարակի կանխարգելման և վերահսկման իր փորձը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը: 2022 թվականի մարտի դրությամբ Չինաստանն ընդհանուր առմամբ 37 բժշկական թիմ է ուղարկել աշխարհի 34 երկիր՝ տրամադրելով ավելի քան 2,1 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ ավելի քան 120 երկրների և միջազգային կազմակերպությունների:
Չինաստանի Կոմունիստական կուսակցության ապագայի տեսլականը.
2020–2035 թթ Չինաստանը կիրականացնի սոցիալ-արդիականացման ծրագիրը, իսկ 2035 թվականից մինչև 21-րդ դարի կեսերը երկիրն արագորեն կդառնա հարուստ և ուժեղ, ժողովրդավարական և քաղաքակիրթ, ներդաշնակ և գեղեցիկ: Աշխարհի բնակչության մեկ հինգերորդը կհատի արդիականացման շեմը, և սա կլինի զարգացման ամենատպավորիչ սցենարներից մեկը ողջ մարդկության առաջընթացի պատմության մեջ։