Չինաստանը ներսից. Պեկինի ամենակոլորիտային փողոցներից մեկը` Ցիանմենը
1 րոպեի ընթերցում

ՊԵԿԻՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի մայրաքաղաք Պեկինն ինքնատիպ քաղաք է, որտեղ համադրված են հինը և նորը, պատմականն ու արդիականը, դարերից եկողն ու ժամանակակիցը:
Պեկինի կենտրոնական հատվածում՝ քաղաքի բիզնես կենտրոնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում քաղաքի ամենակոլորիտային փողոցներից մեկը` Ցիանմենը: Այն զբոսաշրջիկների շրջանում ամենաշատ ժողովրդականություն վայելող փողոցներից մեկն է Պեկինում, սակայն պակաս սիրելի վայր չէ նաև չինացիների համար:

Ցիանմենը կայսերական Չինաստանի Մին և Ցին արքայատոհմերի ժամանակներում այլ անունն է ունեցել, սակայն մոտ 570 տարի առաջ ստացել է իր ներկայիս անվանումը: Այժմ տեղացիների համար Ցիանմենը երեկոն բազմաբովանդակ անցկացնելու նախընտրելի վայրերից մեկն է:

Փողոցը նոր շունչ և ձևավորում ստացել է 2008 թվականի Պեկինի ամառային Օլիմպիական խաղերից առաջ: Այն տիպիկ չինական մշակույթը ներկայացնող վայրերից է: