«Երևանյան բեսթսելեր». «Վանականներ»-ը՝ կրկին առաջատար. հայ գրականություն. սեպտեմբեր, 2024

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ սեպտեմբերի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է Ռուբեն Եսայանի «Վանականերն ունեն գաղտնիք» գիրքը։ Գրքի  գործողությունները ծավալվում են Միացյալ Նահանգներում, բայց հերոսները հայ երիտասարդներ են, որոնք մեկնում են սովորելու՝ բնակվելով նույն տանը: Քաղաքում, որտեղ սովորում են հայ երիտասարդները գործում է վանական միաբանություն և հենց սկզբում վանականների և երիտասարդների ճանապարհները խաչվում են:

Գրիգոր Քեշիշյանի «Քեզնից հեռու, քեզ հետ» գիրքը երկրորդ տեղում է։ Սիրո, հայրենասիրության, հայրենադարձության դժվար ու լուսավոր կողմերի մասին «Քեզնից հեռու, քեզ հետ» վիպակը 1940-ականներին Լիբանանից հայրենադարձված Գրիգոր Քեշիշյանի զգացմունքների ամփոփումն է մի գեղեցիկ սիրո պատմության տեսքով։ Վիպակը նամակների ժողովածու է, որ հայրենադարձման իր հերթին սպասող Սամվելը գրում է արդեն հայրենի հողի վրա ապրելու երազանքին հասած իր սիրելիին։ Բաժանումը ծանր վերք է բացում սիրելիների սրտերում, իսկ վերամիավորման սպասումը՝ բացահայտում նրանց ճակատագրի անսպասելի ոլորանները։

Հուսիկ Արայի «Երբ սիրում եմ քեզ» գիրքը երրորդ տեղում է։ Գիրքը հիմնականում ամփոփում է Հուսիկ Արայի սիրային և հոգևոր թեմաներով գրված նոր բանաստեղծությունները: Այդ առումով ներկայացվող գիրքը որոշակի վկայություն է նաև հեղինակի այն հավատամքի, որ բանաստեղծությունը նախ Սեր է և Աստված: Ժողովածուն ամբողջացնելու նպատակով ներառված են այլ բանաստեղծական շարքեր ևս. «Գարնան և սիրո ջարդը», «Երևան՝ նռնագույն քաղաք», և պարզապես հոգեվիճակներ:

Սերգեյ Գալոյանի «Երևանի գաղտնիքները» չորրորդ տեղում է։ Կտրուկ իրադարձություններ, անկանխատեսելի դեպքեր, նուրբ իրավիճակներ, ահա թե որոնք են հատկանշական այս գրքի համար: Գրքի ամենակարևոր հատվածը Երևանի և երևանցիների մասին պատմող «Երևանի գաղտնիքները» հատվածն է: Գիրքը թեմատիկայով իրարից հեռու նյութերի մի ժողովածու է, որը ընդհանրական է դառնում հենց սուր իրավիճակների պատճառով: Եվ պատահական չէ, որ գրքում կերևան արվեստի մարդն ու կրիմինալ աշխարհի ներկայացուցիչը, ռեժիսորն ու «օրենքով գողը»:

Ռաֆայել Մարգարյանի «Սպասիր ինձ երկնքում» գիրքը հինգերորդ տեղում է։ Այս պատմության մեջ յուրահատուկ կերպով ընդգծվում է մարդկային բարությունը անձնազոհությունը, սերը և հավատը: Միևնույն ժամանակ ուշադրության են արժանանում կյանքի և աշխարհի մութ կողմերը, որոնք ամեն բան սև ու սպիտակ են ներկում` հետք թողնելով սյուժեի վրա: Սակայն գրքում արտացոլված հավատն անչափ մեծ է, որ դրանք մի օր կլուսավորվեն, և աշխարհում կիշխի սերն ու բարեսրտությունը...

Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» գիրքը վեցերորդ տեղում է։ Լիբանանից Հայաստան տեղափոխված սովետահայ գրող Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» ժողովածուն ներառում է մի շարք պատմվածքներ և ժամանակին շատ հայտնի ու սիրված «Կտակ» վիպակը: Վիպակը ճակատագրի բերումով ԱՄՆ-ում հայտնված հայի զավակների մասին է, որոնք, տասնամյակներ անց, վերադառնում են Հայաստան՝ այստեղ իրենց ընտանիքի հետ վերամիավորվելու: Ժողովածուում է նաև հայտնի նկարիչ Գառզուի մասին պատմվածքը: Բոլոր ստեղծագործություններում կարմիր թելով անցնում է անցյալի հետ առերեսվելու գաղափարը:

Յոթերորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Շելա»-ն։ «Շելա» վիպակը հավակնում է դառնալ այս ամառվա ամենասիրված գիրքը. հայ երիտասարդի ու հրեա աղջկա անհույս սիրո պատմությունը՝ 1940-ականների Բեյրութում, և անցյալի հետ հանդիպումը՝ տասնամյակներ անց: Գրիգոր Քեշիշյանի այս վիպակը նախկինում լույս է տեսել միայն ժողովածուների կազմում, իսկ այժմ ներկայանում է ընթերցողին թարմացված խմբագրությամբ։

Ութերորդ տեղում է «Բարի գործերի քաղաքը»։ Գիրք, որն ընթերցողին կգրավի ոչ միայն իր սյուժեով, այլև ժանրային յուրահատկությամբ։ Այն գրել են Մարկ Արենը և հինգ երիտասարդներ: Նրանում զետեղված փոքրիկ պատմությունները բարության զորեղ ուժի մասին են, այն մասին, թե ինչպես է մի աղջկա արած ֆեյսբուքյան գրառումը շատ արագ տարածում գտնում, մարդկանց հորդորում բարի գործեր անել և Երևանը դարձնում բարի գործերի քաղաք:

Իններորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Ինձ պիոններ չնվիրես» վիպակը: Գիրքն անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա։ Վիպակը մի երիտասարդ զույգի մասին է, որը մի քանի անգամ հանդիպում է շատ պատահական։ Երիտասարդը սիրահարվում է առաջին իսկ հայացքից՝ մոռանալով, որ միշտ թերահավատորեն է վերաբերվել առանց ճանաչելու դիմացինին սիրահարվելու փաստին։ Ինչպես բոլոր զույգերի մոտ, նրանց սերը ևս վախերի, կասկածների, մտորումների, խանդի ու կարոտի մեծ հանրագումար է, որը միշտ շաղախված է անեզր սիրով ու նվիրվածությամբ։ Գրքում այլաբանությունները շատ են, առաջին հայացքից սովորական թվացող հարաբերություններում շատ ավելի խորը հարցեր են արծարծվում։ Գրքի վերնագրում անգամ փոխաբերական իմաստ կա։ Հերոսուհին խնդրում է իր սիրած ծաղիկն իրեն չնվիրել, որպեսզի դրանք հողում մնան, ապրեն ու սիրվեն։ Սրա տակ էլ գրքի ողջ իմաստն է. ծաղիկը հողում է գեղեցիկ, թռչունը՝ ազատության մեջ, սերն էլ վանդակում չի շնչում, ուշ թե շուտ կխեղդվի...

Տասներորդ հորիզոնականում է Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը, որում ընդգրկված են հեղինակի «Ապրած և չապրած տարիներ» վիպակը և 1970 թվականին հրատարակված նույնանուն գրքում զետեղված «Ինչո՞ւ են շուտ մեռնում ծաղիկները» պատմվածաշարը: Այս հրատարակության համար հիմք է ծառայել 1983-ին լույս տեսած երկհատորյակը: Այն լույս է տեսել Վարդգես Պետրոսյանի 85-ամյակի կապակցությամբ:  

ՏեղՓոփ.Գիրք Հրատ.Քանակ
10

 

Ռուբեն Եսայան, «Վանականերն ունեն գաղտնիք» 

 

հեղ․ հրատ185
20

Գրիգոր Քեշիշյան, «Քեզնից հեռու, քեզ հետ»

Դավինչի88
3նոր

Հուսիկ Արա, «Երբ սիրում եմ քեզ» 

Անտարես61
4նոր

Սերգեյ Գալոյան, «Երևանի գաղտնիքները» 

հեղ․ հրատ56 
5+2

Ռաֆայել Մարգարյան, «Սպասիր ինձ երկնքում» 

հեղ․ հրատ38
6-1

Գրիգոր Քեշիշյան, «Հանդիպում անցյալի հետ» 

Դավինչի36
7-3

Գրիգոր Քեշիշյան, «Շելա»

Դավինչի33
8*

«Բարի գործերի քաղաքը»

Բուկինիստ29
9-1

Գոհար Նավասարդյան, «Ինձ պիոններ չնվիրես» 

հեղ․ հրատ28
10-7

Վարդգես Պետրոսյան, «Ապրած և չապրած տարիներ»

Դարակ28

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

Հայերեն Русский