Պաշտոնական

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առիթով

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առիթով

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առիթով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Սիրելի ուսուցիչներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Դուք այն կամուրջն եք, որը պետք է ապահովի սերունդների միջև գիտելիքի, դաստիարակության, մարդկային առաքինության և քաղաքացիական գիտակցության անխաթար կապը:

Որևէ ժամանակաշրջանում կամ որևէ հասարակության մեջ անհնար է գերագնահատել ուսուցչի դերը հանրային գիտակցության ձևավորման, կրթության ու զարգացման գործում, քանզի ուսուցիչը զուտ մասնագիտություն կամ աշխատանքի տեսակ չէ, այլ կոչում և անմնացորդ նվիրում, շարունակական ջանք ու կատարելագործում:

Ձեզանից, ձեր պատասխանատու աշխատանքից է մեծապես կախված, թե ինչպիսի Հայաստան և ինչպիսի հասարակություն կունենանք վաղը, որովհետև դուք միայն տեղեկության փոխանցման պարզունակ գործընթացի մասնակից կամ իրականացնողը չեք, այլ գիտակից ու ազատ քաղաքացու կերտողը, գիտելիքով զինված սերունդների դաստիարակողն ու դրանով իսկ բարեկեցիկ ու զարգացող Հայաստանի լինելիության երաշխավորը:

Այսօր, մեր երկրի համար վճռորոշ ժամանակաշրջանում բազմակի անգամ մեծ պատասխանատվություն է դրված ձեր ուսերին, որովհետև այսօր առավել քան երբևէ մենք կարիք ունենք լինել ուժեղ՝ մտքով, գիտելիքով և կրթությամբ և դուք՝ այդ ամենը փոխանցելու ձեր կարողությամբ և հմտությամբ, մեր զավակների, թոռների ու սերունդների բարեկեցության, անվտանգության, մեր երկրի հզորության կերտողն եք:

Սիրելի ուսուցիչներ,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ, Ուսուցչի օրվա առթիվ, մաղթում տոկունություն, աշխատանքային շարունակական հաջողություններ ու անձնական երջանկություն»,- ասված է ՀՀ նախագահի ուղերձում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում