Պաշտոնական

Տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիության մասինԻԻՀ դիրքորոշումը հստակ է. Փաշինյանը հանդիպել է Ռայիսիին

2 րոպեի ընթերցում

Տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիության մասինԻԻՀ դիրքորոշումը հստակ է. Փաշինյանը հանդիպել է Ռայիսիին

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Վարչապետը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիային և դրա հետևանքներին` ընդգծելով ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման ուղղությամբ միջազգային հանրության, այդ թվում` Իրանի համարժեք արձագանքի կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել իրանական կողմի հստակ գնահատականների կապակցությամբ և կարևորել ստեղծված իրավիճակում երկկողմ սերտ փոխգործակցությունը:

Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Իրանն ուշադրությամբ հետևում է զարգացումներին և հավելել, որ տարածաշրջանում բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով:

ԻԻՀ նախագահի խոսքով` պետությունների տարածքային ամբողջականության և տարածաշրջանում սահմանների փոփոխությանն անթույլատրելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է և Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի:

Էբրահիմ Ռայիսին շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում