Հասարակական

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի. ՀՀ ԱԽ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի. ՀՀ ԱԽ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած ՀՀ Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում:

«Այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող և 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով՝ ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ»,- նշված է հայտարարության մեջ:

ԱԽ-ի տարածած հաղորդագրության մեջ նաև հիշեցվում է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում` Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետեւանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում