Հասարակական

Վնասված տներ, արտեր, գազի խողովակներ. ԱԻ նախարարը ներկայացրեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

2 րոպեի ընթերցում

Վնասված տներ, արտեր, գազի խողովակներ. ԱԻ նախարարը ներկայացրեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը ներկայացրեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած քաղաքացիական օբյեկտների և ենթակառուցվածքների թիվը:

«Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վայոց ձորում տուժել են հյուրատներ, առողջարան, Կեչուտի ջրամբարի վրա է երկու արկ ընկել, վնասվել են Ջերմուկի ճոպանուղին, փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը և անձնական օգտագործման մեքենաներ ու այլ գույքեր: Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ունենք էլեկտրամատակարարման գծերի հետ կապված խափանում: Ադրբեջանի ռմբակոծության հետևանքով վնասվել են շտապօգնության մեքենաներ: Գեղարքունիքի մարզում հիմնականում վնասվել են մարդկանց տները, հեկտարներով ցորենի և գարու արտեր: Սոթքում 55-60 տուն է վնասվել, անասնագոմեր, գազամատակարարման բազմաթիվ խողովակներ են վնասվել և մի շարք մասնավոր մեքենաներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստի ժամանակ ասաց Փամբուխչյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլոր վնասները մանրամասն կգույքագրվեն, որի նպատակն է Կառավարության կողմից միջոցների տրամադրումը լիարժեք վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար:

«Կարևոր է նաև փաստագրել այս և այլ հանգամանքները իրավական առումով»,- հավելեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի ագրեսոր ուժերի կողմից արձանագրվել են ռազմական հանցագործությունների դեպքեր, և այդ դեպքերը մանրամասն պետք է փաստագրվեն և հետագայում դրանց ընթացք տրվի միջազգային իրավական գործընթացների շրջանակներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում