Արցախ

Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի և անհնար է. Արցախի պետնախարար

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի և անհնար է. Արցախի պետնախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Արցախի ժողովրդի և իշխանությունների ուղենիշային անսակարկելի ճշմարտությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արտակ Բեգլարյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Արցախի Հանրապետության ժողովրդի ու իշխանությունների համար կան ուղենիշային անսակարկելի ճշմարտություններ, մասնավորապես՝

  1. Արցախի ապագային առնչվող վճռորոշ հարցերը պետք է որոշվեն առաջնահերթորեն Արցախի հայության կողմից, որտեղ ողջ հայ ժողովրդի դերակատարությունը ևս կարևոր է՝ հաշվի առնելով Արցախի բացառիկ նշանակությունը հայ ազգի ու Մայր Հայաստանի համար.
  2. Ադրբեջանա-արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լրիվ իրացման ու ճանաչման հիմքով՝ նպատակ ունենալով հասնել անկախության միջազգային ճանաչման.
  3. Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի և անհնար է, քանի որ՝
  • Արցախը պատմականորեն բացառապես հայ ժողովրդի հայրենիքն է և պատմության զեղծարարությամբ ադրբեջանցիները չեն կարող յուրացնել մեր հայրենիքը,
  • Արցախի ժողովուրդը ինքնորոշվել է ազատ ու անկախ պետականություն ունենալու օգտին և մենք ենք մեր ճակատագրի որոշողները,
  • Դարավոր թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը հայերի հանդեպ և հատկապես վերջին տասնամյակների շարունակական ու ահագնացող հայատյացության քաղաքականությունը պարզապես գոյաբանական առումով բացառում են Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում.
  1. Մեր բռնազավթված տարածքները պետք է վերադարձվեն, իսկ տեղահանված քաղաքացիները՝ վերադառնան հայրենի տներ.
  2. Արցախն ու Մայր Հայաստանը պետք է ուղիղ, հուսալի ու ինքնիշխան ցամաքային կապ ունենան միմյանց հետ.
  3. Մենք պատրաստ ենք պահպանելու և պաշտպանելու ծանր զոհողությունների գնով ձեռքբերված մեր արժեքները՝ պետականությունը, ազգային արժանապատվությունը և սեփական հայրենիքում ապրելու ու արարելու ազատությունը.
  4. Մենք նախընտրում և պատրաստ ենք նաև տարածաշրջանի խաղաղ ու կայուն զարգացմանը՝ բոլոր ժողովուրդների ու պետությունների իրավունքների ու արժանապատվության հարգման և ուժի կիրառման բացառման սկզբունքների հիման վրա»,- գրել է Բեգլարյանը:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում