ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմերի զոհերի ճշգրտված թիվը սեպտեմբերի 14-ի դրությամբ 105 է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:
Նա հիշեցրեց, որ նախորդ օրը հայտնել էր, որ զոհերի թիվը 49 է, սակայն, ցավոք, դա վերջնական չէր, ավելի մեծ էր զոհերի թիվը:
«Այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է: Եվս մեկ անգամ գլուխ եմ խոնարհում մեր նահատակների առաջ»,-ասաց վարչապետը:
Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծությամբ թիրախավորում են Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերը, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերը: