ՀՀ ԱԺ նախագահը միջազգային գործընկերներին կոչ է արել միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիայի դադարեցմանը նպաստելու ուղղությամբ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին՝ տեղեկացնելով սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի՝ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ինտենսիվ հարձակումների վերաբերյալ:

«Նրանք գնդակոծում են հայկական դիրքերը Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիսի, Իշխանասարի, Ջերմուկի եւ հարակից բնակավայրերի ուղղությամբ՝ անօդաչու թռչող սարքերի եւ ականանետերի կիրառմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մասնավորապես նշված է նամակներում:

ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ ադրբեջանական ուժերը նաեւ միտումնավոր թիրախավորում են քաղաքացիական ենթակառուցվածքները եւ գնդակոծում:

«Հայկական կողմն ունի զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ են տուժել, ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ ենք կրել: Ադրբեջանական զինված ուժերը չեն դադարեցնում հարձակվելու փորձերը»,- ընդգծված է նամակներում:

ԱԺ նախագահը միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը համառորեն տեղեկատվական բազա է ստեղծել այդ ռազմական սադրանքի համար՝ ամեն օր կեղծ տեղեկատվություն տարածելով «հայկական կողմի ենթադրյալ գնդակոծության» մասին:

Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ այդ պահվածքն ադրբեջանական հայտնի ոճ է, որն ապացուցվել է 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո:

«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ Հայաստանի կառավարությունը դիմել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ) եւ Ռուսաստանի Դաշնությանը՝ խնդրելով հղում կատարել Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին երկկողմ պայմանագրին: Ակնհայտ է, որ Ադրբեջանի այսօրինակ աղաղակող եւ ապօրինի գործողությունները հնարավոր են դարձել միջազգային հանրության լռության հետեւանքով նաեւ: Նպատակաուղղված արձագանքի եւ համարժեք գործողությունների բացակայությունն այսօր հանգեցրել է Ադրբեջանի իշխանությունների ավելի սանձարձակ ագրեսիային»,- ամփոփել է Ալեն Սիմոնյանը՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել այդ կենսական հարցը լուծելու համար եւ նպաստել Ադրբեջանի ագրեսիայի դադարեցմանը, որը խաթարում է ամբողջ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը:

ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնապես դիմել է Միջխորհրդարանական միության նախագահ Դուարտե Պաչեկոյին եւ գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին, ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով:

Հայկական կողմի զոհերի թիվն այս պահին 49-ն:

Հայերեն Español Русский

«Հորմուզի նեղուցի պահապանը միշտ եղել է Իրանը». Արաղչին արձագանքել է Թրամփի հայտարարությանը

Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է

ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացման արարողությանը

ԱՄՆ-ն և Իրանը նոր հարվածներ են փոխանակել. պայթյուններ են տեղի ունեցել Պարսից ծոցի մի շարք երկրներում

Երևանում Շենգավիթ վարչական շրջանում 24 ժամ ջուր չի լինի

Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը

Հիմնանորոգվում է Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհը

Հայաստանը Եվրոպայում ավելի ու ավելի է դիտվում որպես «Ընդլայնված Եվրոպայի» նախագծի կենտրոնական հենասյուն․ հունգարացի փորձագետ

Ուրախ եմ ներկայացնել շանսոնյեի ժառանգությունը. «Ազնավուրի ձայնը»՝ Տիտիանոն՝ Հայաստանի, համերգների, անելիքների մասին

Եվրոպական ինդեքսներն աճել են - 13/07/26