Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության, խաղաղ բնակչության դեմ ակնհայտ ագրեսիան պլանավորվել է նախապես. Գլխավոր դատախազություն

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, ընդգծելով, որ Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության, խաղաղ բնակչության դեմ ակնհայտ ագրեսիան պլանավորվել է նախապես:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է.

«2022 թվականի սեպտեմբերի 13-ին, կեսգիշերից, 2020թ. նոյեմբերին 9-ին ստորագրված հրադադարի հաստատման վերաբերյալ եռակողմ հայտարարության, ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից, այլ պետության տարածք ներխուժումից կամ հարձակումից զերծ մնալու վերաբերյալ միջազգային մի շարք պայմանագրերի կոպտագույն խախտումներով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ագրեսիա իրականացնելու փաստի առթիվ նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել ադրբեջանական ԶՈւ-ի կողմից ագրեսիայի, միջազգային սովորույթային մարդասիրական իրավունքի մի շարք նորմերի հանցավոր խախտումների և պատերազմական հանցագործությունների կատարման վերաբերյալ:

Մասնավորապես, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռք են բերվել տվյալներ առ այն, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրթիռա-հրետանային միջոցների, ԱԹՍ-ների, ինչպես նաև տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառությամբ, տարբեր զորամիավորումների ներգրավմամբ կանխամտածված գրոհների թիրախ են դարձել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում տեղակայված ՀՀ զինված ուժերի՝ Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում մարտական հենակետերը, զորամասերը, զինտեխնիկան, որը հանգեցրել է մարդկային և նյութական կորուստների:

Բացի այդ, նպատակաուղղված, առանձին դեպքերում ուղիղ նշանառությամբ, մեկից ավելի անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ և ազգային ատելության շարժառիթներով հարվածներ են հասցվել թիկունքում գտնվող և մարտական գործողություններին չմասնակցող բազմաթիվ բնակավայրերի՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, բնակելի տները, քաղաքացիական ենթակառուցվածքները: Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացված հրետակոծության հետևանքով մի քանի քաղաքացիական անձինք ստացել են մարմնական վնասվածքներ:

Ըստ արդեն իսկ ձեռք բերված տվյալների՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ սանձազերծված ագրեսիայի ակտը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի կողմից պատրաստվել և պլանավորվել է նախապես, այդ նպատակով տևական ժամանակահատվածում միջոցներ են ձեռնարկվել նախահարձակ ռազմական գործողությունների համար արհեստական հիմքեր ստեղծելու ուղղությամբ»:

Քրեական վարույթի շրջանակներում, դատախազական հետևողական հսկողության ներքո, իրականացվում են գործողություններ ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխանության և տարածքային անձեռնմխելիության դեմ հերթական հանցավոր ոտնձգությունների, ագրեսիայի նախապես պլանավորման և իրականացման, դրանց ընթացքում գործված պատերազմական հանցագործությունների, միջազգային հումանիտար իրավունքների կոպիտ խախտումների մանրամասն փաստագրման, ապացույցների ձեռքբերման ուղղությամբ՝ տեղի ունեցածին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու, հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն հետամուտ լինելու, ինչպես նաև միջազգային իրավական համապատասխան մեխանիզմների գործադրման նպատակով:

Ագրեսիայի ակտի հանգամանքների, այդպիսիք հիմնավորող փաստերի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազը իրազեկել է նաև գործընկեր պետությունների գլխավոր դատախազներին:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:

Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի:

ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները:

Հայերեն English Español

Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային

ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը

Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը․հայտարարվել է հետախուզում

Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերը հարստացել են դեկորատիվ ծառատեսակներով

ԵՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն

Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղությունը շատ մոտ է

Վրաց կաթողիկոսը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ու քրիստոնյա արժեհամակարգի համընդհանրությունը

Փրկարար ծառայությունը հորդորել է զգուշանալ Ապարանի ջրամբարից մինչև Քասախի գետաբերանի հեղեղավտանգ գոտուն մոտ գտնվելուց

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին