Պաշտոնական

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Հարությունյանը ներկա է գտնվել դպրոցն ինժեներ Քեմուրջյանի անունով անվանակոչելու միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Հարությունյանը ներկա է գտնվել դպրոցն ինժեներ Քեմուրջյանի անունով անվանակոչելու միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Երևանի թիվ 170 ավագ դպրոցը ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի անունով անվանակոչելուն նվիրված միջոցառմանը, որն անցկացվել է «STARMUS VI» գիտության ու արվեստի միջազգային փառատոնի շրջանակում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, «STARMUS» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը, Ալեքսանդր Քեմուրջյանի որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը և այլք:

««STARMUS» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանն ընդգծել է՝ շատ քչերը գիտեն, որ պատմության մեջ առաջին մոլորակագնացը, որը մարդիկ պատրաստել են, լուսնագնացն է եղել, որի նախագիծը իրականացրել է Ալեքսանդր Քեմուրջյանը: Նա հիշեցրել է, որ «Թայմ» պարբերականը «Լունախոդն» անվանել է հեղափոխություն աշխարհի գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում:

Վլադիմիր Քեմուրջյանը նշել է, որ հայրը մշտապես քաջալերել է երիտասարդներին՝ կարծելով, որ առանց նրանց հնարավոր չէ ստեղծագործել, տեխնիկա ստեղծել: Վլադիմիր Քեմուրջյանը բազմաբովանդակ գրքեր է նվիրել դպրոցին, իսկ ԱՄՆ-ից ժամանած գիտնական Սքոթ Ռոբերթսը՝ աստղադիտակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

1963-1973 թվականներին Ալեքսանդր Քեմուրջյանի ղեկավարած ճարտարագետների խումբն աշխատել է լուսնագնացների և փոքր մարսագնացների ավտոմատ կառավարվող շասիների նախագծման և ստեղծման ուղղություններով։ Արդյունքում տաղանդավոր ճարտարագետի ղեկավարած խումբը ստեղծում է աշխարհում առաջին տիեզերական նշանակության ռոբոտ-տրանսպորտ հանդիսացող լուսնագնացները, մարսագնացները։ Տիեզերական այս նոր տեխնիկայի շնորհիվ հնարավոր է դառնում ստանալ տվյալներ Լուսնի և Վեներա մոլորակի գրունտների վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում