Հասարակական

Չի լինելու մեխանիկական միավորում, լինելու է հստակ բովանդակային մոտեցում. նախարարը՝ բուհերի խոշորացման ծրագրերի մասին

3 րոպեի ընթերցում

Չի լինելու մեխանիկական միավորում, լինելու է հստակ բովանդակային մոտեցում. նախարարը՝ բուհերի խոշորացման ծրագրերի մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը վստահեցնում է, որ Հայաստանում բուհերի մեխանիկական միավորում չի լինելու, լինելու է հստակ բովանդակային մոտեցում, ստեղծվելու են նոր բուհեր՝ եղած բուհերի հենքով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝Դումանյանն այս մասին ասաց կառավարության նիստից հետո ճեպազրույցում՝ անդրադառնալով նաև բուհերն Աշտարակ տեղափոխելու մտադրությանը:

«Ակադեմիական քաղաքի գաղափարն արդեն անցնում է գործնական փուլ: Այո, քննարկվում են տարբերակներ՝ ոչ թե միավորվելու, այլ ստեղծելու նոր բուհեր՝ եղած բուհերի հենքով: Դա չի լինելու մեխանիկական միավորում, լինելու է որոշակի հստակ բովանդակային մոտեցում»,-ասաց նախարարը:

Նա հավելեց, որ շատ դրական է վերաբերվում այդ գաղափարին, որի նպատակն է ունենալ մրցունակ, միջազգային չափանիշներին համապատասխան բուհեր, ենթակառուցվաքներ, բուհական, գիտական միջավայր, ինչը, ըստ նրա, լիովին հնարավոր է իրականացնել Աշտարակի այն տարածքում, ինչի մասին հայտարարվել է: Դումանյանը՝ վստահեցրեց, որ իմաստ են դնելու այդ նոր կառուցվածքի մեջ: Նոր ենթադրվող բուհերի մեջ պետք է լինեն գիտահետազոտական կառույցներ՝ ըստ նպատակահարմարության:

Ինչպես կառավարության նախորդ նիստում հայտարարել էր ՀՀ վարչապետը՝ կառավարությունը մտադիր է գնալ բուհերի խոշորացման որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով՝ ունենալով առավելագույնը 8 պետական բուհ: Կառավարությունն արդեն կողմնորոշվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցով:Այն կկառուցվի Արագածոտնի մարզում, ավելի կոնկրետ՝ Աշտարակում, և միավորվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ:

Դումանյանը հիշեցրեց, որ Երևանում գործում է 12 պետական բուհ: «Եթե ուշադիր նայեք բուհերի ուղղվածությանը, մասնագիտությունների ցանկը, կտեսնեք, որ 8-ը փոքր թիվ չէ: Նպատակն այն 8 թիվը չէ: Դա բավականին մեծ թիվ է մեր հանրապետության համար»,-նշեց նա:

Նախարարը, անդրադառնալով տարբեր քննարկումների, թե, օրինակ, ԵՊՀ-ի շենքը կարող է դառնալ հյուրանոց, վստահեցրեց, որ Երևանի պետական համալսարանի շենքը մնալու է ԵՊՀ-ի շենք:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում