Արցախ

Արցախի ԱԺ նախագահն առանձին հանդիպել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ

2 րոպեի ընթերցում

Արցախի ԱԺ նախագահն առանձին հանդիպել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ռուստամ Բաքոյանին և Լիլիթ Սարգսյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, Արթուր Թովմասյանը նախ ողջունել է հյուրերին Արցախի համար այս կարևորագույն՝ Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ Արցախ այցելելու և խորհրդարանում հյուրընկալվելու համար։

«Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը ներկայացրել է ԱՀ հռչակման նախապատմությունը, ապա՝ խոսել 2020թ․ աշնանային պատերազմի ընթացքի և հետպատերազմյան իրողությունների մասին։

Անդրադարձ է կատարվել նաև նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթներին։

Շնորհավորելով ԱՀ 31-ամյակը՝ ՔՊ պատգամավորները կարևորել են Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգության հարցը։ Նրանց խոսքով ՝ ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում ամենօրյա գործունեություն են իրականացվում Արցախի անվտանգությունը ապահովելու համար։

«Մենք ունենք փխրուն իրավիճակ և պետք է այն ամրապնդել ,որպեսզի լայնածավալ էսկալացիայի ռիսկերը հնարավորինս նվազեցնենք»,- նշել է Ռուստամ Բաքոյանը։

ՔՊ պատգամավորները խոսել են նաև Հայաստանի՝ Արցախին ցուցաբերվող սոցիալական մեծ ծրագրերի և այլ աջակցությունների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը ներկա էր ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության ղոկավար Արթուր Հարությունյանը։

Սեպտեմբերի 2-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպել է նաև ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մի խումբ պատգամավորների հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում