Արցախ

Արցախում ավելի քան 90 ընտանիք նորակառույց բնակավայրում վիճակահանությամբ առանձնատուն է ստացել

2 րոպեի ընթերցում

Արցախում ավելի քան 90 ընտանիք նորակառույց բնակավայրում վիճակահանությամբ առանձնատուն է ստացել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ասկերանի շրջանի Սղնախ, Մոշխմհատ, Մադաթաշեն և Ջրաղացներ գյուղերից տեղահանված 95 ընտանիք վիճակահանությամբ տուն է ստացել Աստղաշեն համայնքի վարչական տարածքի նորակառույց թաղամասում:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նորակառույց առանձնատների վիճակահանության արարողությանը Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը խորհրդանշական է համարել հետպատերազմյան դժվարին իրավիճակում Արցախի Հանրապետության օրը բնակարանամուտով տոնելը։

«Պետական միջոցներով այստեղ շուրջ 136 տուն է կառուցվում։ Առաջիկայում մի քանի տասնյակ ընտանիքներ նույնպես առանձնատներ կստանան այս բնակավայրում։ Մենք կորցրածի դիմաց կառուցում ենք բազմապատիկը՝ մեր կեցությամբ, գոյությամբ ու արարումով Արցախը հայկական պահելու համար»,-ասել է պետնախարարը։

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն օրհնության խոսքում նաև կարևորել է ժողովրդագրական աճը՝ որպես Արցախի հզորացման գրավական, որի համար պետության կողմից այսօր հնարավորություններ են ստեղծվում:

Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի խոսքով՝ կառույցի մեկամյա գործունեության ընթացքում ավելի քան 1000 բնակարան է տրամադրվել շահառուներին։

Կոմիտեի նախագահը նշեց, որ վիճակահանությունը վաղ կազմակերպելու նպատակը նաև տանտերերին շինաշխատանքներում ընդգրկելն է և հնարավորություն ընձեռելը, որպեսզի նրանք արդեն իսկ կարողանան զբաղվել տնամերձ հողամասի մշակմամբ, գյուղատնտեսական աշխատանքներով:

Կոմիտեի նախագահի տեղակալ Իննա Իշխանյանի տեղեկատվությամբ՝ Ասկերանի վերին ենթաշրջանի 4 համայնքից տեղահանված ընտանիքների համար նախատեսված նոր բնակավայրում շինաշխատանքները դեռ շարունակվում են: Բոլոր տները համապատասխան գույքով ու կահավորմամբ շահագործման կհանձնվեն առաջիկա հունվարին:

Լուսանկարները՝ Ալվարդ Գրիգորյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում