Պաշտոնական

Մեր ժողովուրդն այսօր կանգնած է նոր մարտահրավերների առաջ, որոնք կարող ենք հաղթահարել միասնական ջանքով. ՀՀ նախագահ

2 րոպեի ընթերցում

Մեր ժողովուրդն այսօր կանգնած է նոր մարտահրավերների առաջ, որոնք կարող ենք հաղթահարել միասնական ջանքով. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի ուղերձում ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

1991թ. սեպտեմբերի 2-ին ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիրը՝ սկիզբ դնելով մի գործընթացի, որը նախևառաջ միտված էր Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությանն ու իր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքների երաշխավորմանը:

Այս տարեդարձը մենք այսօր դիմավորում ենք բարդագույն ժամանակահատվածում՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստեղծված դժվարին իրավիճակում, երբ դեռ չեն սպիացել պատերազմի անդառնալի կորուստների վերքերը, երբ մեր առաջնահերթ հարցերը շարունակում են մնալ արցախահայության անվտանգության ապահովումն ու խաղաղ ապրելու իրավունքի անձեռնմխելիությունը:

Նոր պատերազմի սպառնալիքի, Արցախի կարգավիճակի, սոցիալ տնտեսական ու մարդասիրական հարցերը Հայաստանի և Արցախի մշտական օրակարգային առաջնահերթություններն են: Դրանք չեն կարող լուծվել առանց քաղաքականապես և տնտեսապես ուժեղ, զարգացած, Հայաստանի գոյության, առանց առկա ներուժի լիարժեք օգտագործման ու մեր միջազգային գործընկերների հետ արժանապատիվ ու ամբողջական համագործակցության, առանց միջազգային իրավունքների ու մարդասիրական նորմերի երաշխավորմամբ:

Մեր ժողովուրդն այսօր կրկին կանգնած է նոր մարտահրավերների առաջ, որոնք կարող ենք հաղթահարել տոկունությամբ, միասնական ջանքով, համազգային ներուժի գիտակցմամբ ու համախմբումով:

Հայաստանն ու Արցախն անցել են ծանր պայքարի բովով և հենց այդ պայքարն է դարձել Արցախի հայկական մնալու, արցախցու՝ իր հայրենիքում ապրելու և արարելու գրավականը:

Այսօր մենք խոնարհվում ենք հանուն Արցախի իրավունքների ու պաշտպանության համար զոհված մեր հայրենակիցների հիշատակի առաջ և հանձնառու ենք կայուն և հարատև խաղաղություն՝ Հայաստանի, Արցախի ու մեր տարածաշրջանի համար:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում