Պաշտոնական

ԼՂ կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո է, մյուս բոլոր քննարկումներն իրականության հետ կապ չունեն. ՀՀ ԱԺ նախագահ

2 րոպեի ընթերցում

ԼՂ կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո է, մյուս բոլոր քննարկումներն իրականության հետ կապ չունեն. ՀՀ ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախահայության լինելիության եւ իրավունքների պաշտպանության երաշխիքը Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունումն էր: Դրան հաջորդած երեք տասնամյակի ընթացքում արցախահայությանը պատուհասած սպառնալիքներն ու անվտանգության հարցերը, ցավոք, չեն դադարել: Երեք պատերազմների միջով անցած մեր հայրենակիցներն այսօր էլ բազում մարտահրավերների են բախվում: Վտանգներից կոփված կամքի, հայրենասիրության եւ իրենց հողում պատվախնդրորեն ապրելու շնորհիվ մեր եղբայրներն ու քույրերը յուրաքանչյուր պահի աշխարհին հիշեցնում են իրենց հայրենիքում ապրելու իրավունքի, անվտանգ միջավայրում երեխաներ մեծացնելու, խաղաղ ծերություն ունենալու մասին:

Ներքին եւ արտաքին հարթակներում քննարկվող Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո է, մյուս բոլոր քննարկումներն իրականության հետ կապ չունեն:

Միջազգային գործընկերների հետ հանդիպումներում բարձրացրել ու շարունակելու ենք հիշեցնել, որ լուծված չեն 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրները, ոչնչացման եզրին է հսկայական մշակութային ժառանգություն եւ օրախնդիր է գերության ու պատանդության մեջ գտնվող մեր հայրենակիցների տունդարձը:

Հավերժ փառք Արցախյան բոլոր պատերազմներում անձնազոհաբար նահատակված մեր հարազատներին եւ խոնարհում բոլոր նրանց, ովքեր վերապրել են պատերազմները:

Մեր պատգամն է Լեռնային Ղարաբաղի հարցում հասնել երկարատեւ խաղաղության՝ հանուն արցախահայության իրավունքների եւ անվտանգության»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում