ՀՀ նախագահն ու Բրազիլիայի նորանշանակ դեսպանը փոխգործակցության համար հետաքրքիր են համարել նաև բարձր տեխնոլոգիաների ու տիեզերագնացության ոլորտները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին սեպտեմբերի 1-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան պատրաստակամություն է հայտնել ներդնել բոլոր ջանքերը երկկողմ հարաբերությունների օրակարգն ավելի հարստացնելու համար:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները փոխգործակցության համար հետաքրքիր են համարել մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, տիեզերագնացության, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտները: