Պաշտոնական

ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով. ՀՀ վարչապետն ընդունել է Օմսկի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով. ՀՀ վարչապետն ընդունել է Օմսկի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով: Վարչապետը նշել է, որ դրան նպաստում են կառավարությունների, տարածաշրջանների ներկայացուցիչների պարբերական փոխայցելություններն ու ակտիվ քննարկումները: Ընդգծել է, որ առկա է տնտեսության, ներդրումների և այլ ոլորտներում փոխգործակցության զարգացման հստակ օրակարգ, որի իրականացման ուղղությամբ երկու երկրները շարունակում են սերտորեն համագործակցել:

Ալեքսանդր Բուրկովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ՌԴ նախագահը ևս բազմիցս նշել է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման կարևորությունը, ուստի, իրենք շահագրգիռ են էլ ավելի ընդլայնելու կապերը մեր երկրի մարզերի հետ: Օմսկի նահանգապետի խոսքով՝ միջտարածաշրջանային համագործակցությունն ունի զարգացման մեծ ներուժ:

Հեռանկարային են համարվել փոխգործակցությունը տնտեսության, առևտրի, արդյունաբերության, ավիահաղորդակցության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում:

Վարչապետը կարևորել է վերը նշված ուղղություններով համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը և ընդգծել պարբերական կապերի և շփումների անհրաժեշտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում